Արայիկ Հարությունյանն ընդունել է Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 23-ին ընդունել է ՀՀ Վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Քննարկվել են Հայրենիք-Սփյուռք հարաբերություններին, Արցախում բնակարանաշինության ծրագրերի և անօթևան մնացած քաղաքացիների խնդիրների լուծմանը վերաբերող մի շարք հարցեր: Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ քաջ գիտակցելով պատերազմի հետևանքներով պայմանավորված հայկական Սփյուռքի տրամադրությունները՝ միաժամանակ ցանկանում է բոլորի ուշադրությունը հրավիրել հայրենի հողում սեփական ապագան կառուցելու նպատակ ունեցող տասնյակ հազարավոր արցախցիներին աջակցելու անհրաժեշտության վրա: Նա շեշտադրել է, որ միայն համահայկական ջանքերի միջոցով է հնարավոր լինելու վերականգնել ու զարգացնել Արցախը, և այդ առումով Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության համատեղ ու համակարգված աշխատանքը պարտադիր պայման է:

Զարեհ Սինանյանն իր հերթին նշել է, որ ինչպես միշտ, արցախահայությունը միայնակ չէ, և կենսական նշանակության բոլոր խնդիրների լուծման գործում համապատասխան միասնական աշխատանքներ են իրականացվելու:

Հանդիպմանը ներկա էին ՀՀ և ԱՀ կառավարությունների անդամներ, պաշտոնատար այլ անձինք:

Related posts

Երեւան է ժամանել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի գլխավորած պատվիրակությունը

Իրազեկվածությունը փրկում է կյանքեր․ ի՞նչ անել երկրաշարժի ժամանակ

Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը ցուցմունք է տվել 2016-ի ապրիլյան մարտերի վերաբերյալ