Արայիկ Հարությունյանը Ֆրանսիայի Եվրոպական քաղաքական համայնքի հարցերի հանձնակատարի հետ քննարկել է Հայաստանում կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստության ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպական քաղաքական համայնքի հարցերով հատուկ հանձնակատար, արտակարգ և լիազոր դեսպան Հյուգ Մորեին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին։

Զրուցակիցները քննարկել են Հայաստանում հաջորդ տարվա մայիսին կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի անցկացմանն ու այդ ուղղությամբ իրականացվող նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցեր։

Արայիկ Հարությունյանը նշել է, որ աշխատանքները գտնվում են ակտիվ փուլում, և ՀՀ Կառավարությունը ներդնում է բոլոր ջանքերը՝ գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ Վարչապետի աշխատակազմի ղեկավարի համոզմամբ՝ գագաթնաժողովի հյուրընկալումն էլ ավելի կամրապնդի ՀՀ–ԵՄ համագործակցությունն ու կնպաստի համատեղ նոր ծրագրերի իրականացմանը։

Հյուգ Մորեն համոզմունք է հայտնել, որ միջոցառումը մեր երկրում կանցնի լավագույնս և ընդգծել Ֆրանսիայի պատրաստակամությունը՝ տարբեր ուղղություններով աջակցելու  նախապատրաստական հետագա աշխատանքներին։

Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստան–Ֆրանսիա հարաբերությունների հետագա զարգացմանն ու այդ առումով կարևորել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը։

Related posts

Մարդու իրավունքների պաշտպանության կառուցակարգերը պետք է հավասարապես հասանելի լինեն յուրաքանչյուր անձի՝ անկախ բնակության վայրից․ ՄԻՊ

Իմ ձեռքում աշխարհի ամենաանվտանգ փաստաթղթերից մեկն է․ կենսաչափական նոր անձնագրերի լայնածավալ տպագրության մեկնարկը տրված է․ ՆԳ նախարար

Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր լողացող հողմային տուրբինը