Ավետիք Չալաբյանին վերաբերող քրեական գործի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է ընդդիմության հավաքներին Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողների մասնակցության դիմաց երկու և ավելի անձանց, այդ թվում՝ հիշյալ համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 2022 թ. մայիսի 9-ին լրատվական կայքերից մեկում ձայնագրություն էր հրապարակվել՝ «1000 դրամ յուրաքանչյուր ուսանողի համար, Ագրարային համալսարանի դասախոսը դրդում է ուսխորհրդի նախագահին գումարի դիմաց կազմակերպել, որպեսզի ուսանողները մասնակցեն ընդդիմության հավաքներին՝ յուրաքանչյուր ուսանողի դիմաց առաջարկելով 1000 դրամ» վերտառությամբ, ինչի առթիվ հարուցվել էր քրեական գործ:

Քննությամբ պարզվել է, որ Ավետիք Չալաբյանը, հանդիսանալով ընդդիմության կողմից կազմակերպված շարժումների ակտիվ անդամ և նպատակ ունենալով իրականացվող հավաքներին, անհնազանդության ակցիաներին, ցույցերին ապահովել բազմամարդություն և այդ կերպ լայն շրջանակներ ներգրավելու համար նյութական շահագրգռվածության դիմաց մասնակից դարձնել նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողներին, նույն համալսարանի դասախոսներից մեկի և այլ անձի հետ նախնական համաձայնությամբ, 2022 թ. մայիսի 4-ին նախաձեռնել և հանդիպել է ուսխորհրդի նախագահի հետ՝ առաջարկելով մոբիլիզացնել շուրջ 2000 ուսանողի, որի դիմաց առաջարկել է տրամադրել 2.000.000 ՀՀ դրամ գումար, յուրաքանչյուր ուսանողի համար՝ 1000 ՀՀ դրամ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոսին և Ավետիք Չալաբյանին մեղադրանք է առաջադրվել:

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:

Նախաքննությունն ավարտել է, և քրեական վարույթի նյութերն ուղարկվել են դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին՝ մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Դուք բժշկին ու բուժառուին ամենամոտ կանգնածն եք, նրա գանգատին հասնողը. Անահիտ Ավանեսյանի ուղերձը Բուժքույրերի միջազգային օրվա առթիվ

Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են՝ բացահայտելով պատմական նոր շերտեր

«Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում հաղթեց Շվեյցարիան