Առաջնորդությունը գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու կարողությունն է. Աննա Վարդապետյանը հանդիպել է Առաջնորդության դպրոցի ուսանողներին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, «Առաջնորդության դպրոց» հիմնադրամի ղեկավար Սամվել Մովսիսյանի հրավերով, 2024 թվականի մարտի 8-ին հանդիպել է Դպրոցի ուսանողներին և երկխոսության ձևաչափով քննարկել օրենքի գերակայության գաղափարի շուրջ մարդկանց համախմբելու մարտահրավերներն ու հաջողության պատմությունները:

Գլխավոր դատախազը պատմել է ղեկավարման իր փորձառության մասին, անդրադարձել կառավարման ոլորտում ռազմավարական պլանավորման՝ իր կիրառած ուղղություններին՝ առանձնացնելով թափանցիկությունը, արդարությունը, հաշվետվողականությունը և հետևողականությունը:

Դատախազության կադրային առողջացման ոլորտում իրականացվող քաղաքականության մասին խոսելիս՝ Աննա Վարդապետյանը կարևորել է անաչառությունը, հովանավորչության բացառումը, տաղանդավոր մարդկանց գաղափարի շուրջ համախմբելու կարողությունը, տարիներ շարունակ դատախազության որակյալ աշխատանքի հիմնասյուն հանդիսացած բարեվարք անձանց առաջխաղացման հնարավորություն տալը:

Այս համատեքստում գլխավոր դատախազն անդրադարձել է գործող դատախազների և դատախազների թեկնածուների բարեվարքության ստուգմանը, ընդգծել դրա կենսական կարևորությունը՝ հաշվի առնելով, որ Դատախազությունը Սահմանադրությամբ լիազորված այն մարմինն է, որը պետական (համայնքային) շահի պաշտպանության, ինչպես նաև  ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հայց է ներկայացնում դատարան:

Ի պատասխան ուսանողներից մեկի հարցին՝ ինչպե՞ս անել, որ ունենանք օրինապահ քաղաքացիներ, արդյո՞ք չպետք է սկսենք դպրոցական կրթությունից՝ Աննա Վարդապետյանը պատասխանել է. «Օրինապահ վարքագծի վերաբերյալ զրույցները կարևոր են, սակայն, եթե մենք ցանկանում ենք, որ դպրոցահասակ երեխան օրինապահ վարքագիծ դրսևորի, նա պետք է այդ վարքագիծը կրող հերոս ունենա: Հերոսը ոչ թե անձ է, կուռք, այլ վարքագծային մոդել: Մենք ձգտում ենք, որ դպրոցներ այցելող դատախազները լինեն այդ վարքագծային մոդելի կրողները: Մենք ձգտում ենք, որ մեր երեխաների գիտակցության մեջ ձևավորվող հերոսի կերպարը լինի և՛ ուժեղ, և՛ արդար, և՛ օրինապահ, և՛ բարի»:

Հանրապետության գլխավոր դատախազը հարցուպատասխանի ձևաչափով անդրադարձել է ուսանողներին հետաքրքրող այլ հարցերի:

Related posts

Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն վարորդական իրավունքի խմբակներ

Կապահովվի քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Հակակոռուպցիոն կոմիտեն զգուշացնում է՝ ընտրակաշառքի հետ կապված յուրաքանչյուր հանցավոր դրսևորում բացահայտվելու է