Ինչպես հայտնի է, սեպտեմբերի 27-ին Ծիծեռնակաբերդի խճուղում այրվել է էլեկտրական ենթակայան։
Դեպքի վայր էին մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից տասնմեկ մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։
«Հրդեհի բարդությունից ելնելով՝ կանչի աստիճանը հաջորդաբար բարձրացվել է․ սկզբում հայտարարվել է «1-ԲԻՍ», ապա 2-րդ, այնուհետև 3-րդ բարձր կանչ։ Ըստ հրդեհների մեկնման չվացուցակի՝ ներգրավվել են համապատասխան թվով հրշեջ-փրկարարական մեքենաներ և անձնակազմ։ Տեղում աշխատել է 11 մարտական հաշվարկ, օգտագործվել է նաև ավտոսանդուղք»,-նշում է ՓԾ Երևանի ՓՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի պետ Գարեգին Հակոբյանը։
Հրշեջ-փրկարարների առաջնային խնդիրը հրդեհը մեկուսացնելն ու կրակի տարածումը կանխելն էր․ հարակից խոտածածկ տարածքում բուսականության բռնկումը կարող էր ընդլայնել հրդեհի ընդգրկման գոտին և բարդացնել հրդեհաշիջումը։ Կրակի դեմ պայքարը շարունակվել է մինչև ուշ երեկո։
«Հրդեհի հետևանքով այրվել է բարձր լարման ենթակայանի տրանսֆորմատորային մարտկոցը, որը պարունակում էր մոտ 30 տոննա հովացման յուղ։ Հրդեհաշիջումը բարդացնում էր ինտենսիվ այրման հետևանքով անջատվող մեծ ջերմությունը․ այն սահմանափակում էր հրշեջ-փրկարարների մոտենալու հնարավորությունը և խոչընդոտում աշխատանքների արագ իրականացումը։
Ձեռնարկված գործողությունների շնորհիվ հաջողվել է մյուս ենթակայանը պաշտպանել կրակից։ Նկուղային և վարչական շենքի հատվածներում առաջացած հրդեհները մեկուսացվել և մարվել են։ Կանխվել է նաև կրակի տարածումը մալուխային գծերով»,- պատմել է Գարեգին Հակոբյանը։
Վտանգելով սեփական կյանքը՝ փրկարարներին հաջողվել է ժամը 20։10-ին մեկուսացնել հրդեհը։ Կրակի տարածումը կասեցնելուց հետո նրանք շարունակեցին աշխատանքները հրդեհի օջախներն ամբողջությամբ մարելու ուղղությամբ։
Հրդեհաշիջման ընթացքում երկու փրկարար ծխահարվել է․ նրանցից մեկը հոսպիտալացվել է, մյուսն առաջին բուժօգնությունը ստացել է տեղում։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Շուրջ չորս ժամ տևած հրդեհաշիջման աշխատանքներն ավարտվել են ժամը 21։10-ին․ հրդեհը մարվել է։ Ենթակայանի մոտ սահմանվել է հերթապահություն։
Հրդեհի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 6-րդ կետերով (հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով գույքը ոչնչացնելը կամ վնասելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս):