Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը Հայաստանի և Լիտվայի բուհերի միջև

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Կարեն Թռչունյանը այսօր ընդունել են Լիտվայի Հանրապետության ակադեմիական շրջանակների ներկայացուցիչներին՝ Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասի գլխավորությամբ։ Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա էին Լիտվայի Հանրապետության փոխդեսպան Վիսմանտե Դայլիդենայտեն և Լիտվայի մի շարք համալսարանների ներկայացուցիչներ՝ ռեկտորներ, պրոռեկտորներ, դեկաններ և այլն։ Փոխնախարարները շնորհակալություն են հայտնել Լիտվայի Հանրապետության պատվիրակության ներկայացուցիչներին այցելության և համագործակցության համար։ Նրանք շեշտել են, որ կրթությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է, և այդ ոլորտում իրականացվում են մի շարք բարեփոխումներ՝ միտված կրթության որակի բարելավմանը, արդյունավետ և միջազգայնորեն մրցունակ կրթական համակարգի ստեղծմանը։ Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը կարևորել է միջկառավարական ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցության ակտիվացումը, ինչպես նաև առաջարկել է քննարկել կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրի ստորագրումը։ Ա․ Մարտիրոսյանն ընդգծել է, որ գիտության, կրթության և սպորտի բնագավառներում հայ-լիտվական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն, հիմքեր՝ փոխգործակցության առավել առաջմղման և հայ-լիտվական հարաբերությունների խորացման համար։ Նա կարևորել է Լիտվայի փորձը և լավագույն փորձի փոխանակումը երկու երկրների միջև։ Առաջարկվել է սերտացնել համագործակցությունը 2 երկրների բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև, իրականացնել համատեղ տեղեկատվական նիստեր, դիտարկել թվային դիպլոմների (e-passport) տրամադրման հնարավորությունը:

Նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, ողջունելով հյուրերին և նշելով, որ կրթությունը ՀՀ-ում գերակա ոլորտ է, ներկայացրել է կրթության ոլորտում արված փոփոխությունները և երկու երկրների բուհերի միջև համագործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն հայտնել։ Կարեն Թռչունյանն ընդգծել է նաև հավատարմագրման և լիցենզավորման գործընթացների ոլորտում փորձի փոխանակման կարևորությունը։

Լիտվայի Հանրապետության նախագահի կրթության, գիտության, մշակույթի գծով խորհրդական Պաուլիուս Բալտոկասը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ լիտվական կողմը ևս հետաքրքրված է ՀՀ-ի հետ իրականացվելիք ծրագրերով։ Նա առաջարկել է ակտիվացնել ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերը, կրկնակի դիպլոմների տրամադրման և կադրերի վերապատրաստման կազմակերպման հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ուսանողների փոխադարձ շարժունությանը, կարճաժամկետ պրակտիկաներին, Լիտվայի համալսարանի հենքի վրա հայագիտական կենտրոնի ստեղծմանը, ուսանողների փոխանակման ծրագրերին առնչվող, ինչպես նաև այլ հարցեր:

Related posts

2026-ի առաջին կիսամյակում քաղաքացիների սահմանահատումների թիվը դրական է

Մարզերի կայազորների զինվորական դատախազությունները դատարան են հանձնել ծանր հանցագործություններով 59 քրեական վարույթ, վերականգնվել է շուրջ 43 միլիոն դրամ

Կալանավորվել է «Գազպրոմ Արմենիա»-ի 4 աշխատակից, ՔՏՀԱՏՄ 1 պաշտոնատար անձի նկատմամբ սահմանվել է տնային կալանք