Առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման և արդյունքում ստացված շուրջ 7 մլն դրամի չափով փողերի լվացման գործն ուղարկվել է դատարան

Դատախազը 2024 թվականի նոյեմբերի 18-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացում և խոշոր չափերով փողերի լվացում կատարած անձանց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել իրավասու դատարան: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

«Քրեական վարույթով պարզվել է, որ Հ.Տ-Թ.-ն, «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված օգտատիրոջ, Մ.Ա.-ի և դեռևս ինքնությունը չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ, 2023 թվականի հունվարից մինչև 2024 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում տարբեր եղանակներով, այդ թվում՝ «Telegram» հեռահաղորդակցման հավելվածում գրանցված առցանց խանութ-հարթակների միջոցով, ապահովել է թմրամիջոցների ապօրինի ձեռքբերումը, առանձնացումն ըստ քաշերի, փաթեթավորումն ու նախապես տեղադրումը թաքստոցներում: Այնուհետև ծրագրային հավելվածի միջոցով նշվել են դրանց գտնվելու վայրերի աշխարհագրական կոորդինատները և փոխանցվել են թմրամիջոց ձեռք բերելու ցանկություն հայտնած և կրիպտոարժույթային դրամապանակներին համապատասխան չափով միջոցներ փոխանցած անձանց՝ այդ կերպ իրականացնելով առանձնապես խոշոր չափերով տարբեր տեսակի, այդ թվում՝ «Մեթամֆետամին» և «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցների ապօրինի իրացում:

Թմրամիջոցների իրացումից ստացվել է 6 մլն 574 հազար դրամ, որի հանցավոր ծագումը թաքցնելու նպատակով դրանք ստացվել են կրիպտոարժույթային հաշիվներով, տարբեր էլեկտրոնային դրամապանակներով, ապա փոխանցվել տարբեր անձանց անուններով գրանցված, սակայն փաստացի վերոնշյալ անձանց կողմից կառավարվող՝ ՀՀ-ում գրանցված էլեկտրոնային դրամապանակներին, որից հետո կանխիկացվել կամ այլ կերպ տնօրինվել են:

Դատախազը Հ.Տ-Թ.-ի և Մ.Ա.-ի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) և 296-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (փողերի լվացումը)»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի