Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին

Առանձնապես խոշոր չափերով դիզվառելիքի և ավտոբենզինի հափշտակության համար մեղադրանք է առաջադրվել ՊՆ պաշտոնատար անձին. քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Ա. Փ.-ն, 2021 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 13-ը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի վառելիքաքսուքային նյութերի պահեստապետի պաշտոնը, յուրացման եղանակով հափշտակել է զորամասին հատկացված և իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով` ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ դիզելային վառելիք, ավտոբենզին և ավտոբենզինի կտրոն:

Մասնավորապես, ըստ առաջադրված մեղադրանքի` Ա. Փ.-ն, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՀՀ ՊՆ զորամասի վառելիքաքսուքային նյութերի պահեստից 2021 թվականի հոկտեմբերի 31-ից դեկտեմբերի 6-ն ընկած ժամանակահատվածում յուրացման եղանակով հափշտակել է ընդհանուր ավելի քան 3 մլն ՀՀ դրամ արժողությամբ 1228 կգ դիզելային վառելիք, 3332 կգ ավտոբենզին և 2085 լիտր ավտոբենզինի կտրոն:

Դիզելային վառելիքն Ա. Փ.-ն անօրինական ճանապարհով դուրս է բերել զորամասի տարածքից և 1 լիտրը 400 ՀՀ դրամով վաճառել Կոտայքի մարզի բնակչին: 2085 լիտրին համարժեք ավտոբենզինի կտրոններն էլ վաճառել է Երևանում գործող բենզալցակայանի աշխատակցին, իսկ հափշտակված 3332 կգ ավտոբենզինը իրացրել այլ անձանց:

Վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Ա. Փ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1-ին կետով:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել