Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների ձեռնարկած վերահսկողական միջոցառումների արդյունքում Գեղարքունիքի, Արարատի և Սյունիքի մարզերում արձանագրվել են ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր։
Գեղարքունիքի մարզում
Վարսեր գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 131203 խմ հրաբխային ավազների լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 115 մլն 630 հազար 632 դրամ։
Նորատուս գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի տեղահանվել է 20972 խմ բազալտի լեռնային զանգված։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 18 մլն 902 հազար 930 դրամ։
Դրախտիկ գյուղի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի կատարվել է 5581 խմ բազալտանման խճի լեռնային զանգվածի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 5 մլն 397 հազար 328 դրամ։
Սյունիքի մարզի Գորիս քաղաքի վարչական տարածքում առանց ընդերքօգտագործման իրավունքի իրականացվել է 2908 խմ կրաքարանման լեռնային զանգվածի ապօրինի տեղահանում։ Տեղահանման հետևանքով նաև դեգրադացվել է 996 քմ և աղբոտվել՝ 246 քմ տարածք։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 2 մլն 201 հազար 180 դրամ։
Արարատի մարզի Մասիս համայնքում կատարվել է 3351 խմ ավազակոպճային խառնուրդի ապօրինի տեղահանում։ Պետությանը պատճառված վնասի չափը կազմել է 3 մլն 919 հազար 696 դրամ։
Պետությանը պատճառված վնասի ընդհանուր չափը կազմել է 146 մլն 51 հազար 766 դրամ։
Տեսչական մարմինը, բոլոր դեպքերով հաշվի առնելով արձանագրված փաստական տվյալները և դրանցում հանցագործության հատկանիշների առկայությունը, առերևույթ հանցանքի մասին հաղորդումներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտե։