Ապարանում պտտահողմի հետևանքով առաջացած ավերածությունները ահռելի են։ Այդ մասին տեղեկացնում է Ապարանի համայնքապետարանը:
Ըստ նախնական տվյալների՝ վնասվել են 50 բնակելի տուն, 20 խանութ, 20 բազմաբնակարան շենքերի տանիքներ, 10 կազմակերպությունների տանիքներ, այդ թվում՝ Ապարանի թիվ 1 և թիվ 2 դպրոցները, արվեստի և մշակույթի կենտրոնների շենքերը, Ապարանի համայնքապետարանի, ոստիկանության, դատախազության, ԱԿԲԱ բանկի շենքերը և այլ հաստատություններ։
Բազմաթիվ բնակիչների տների պատուհաններ են կոտրվել, վնասվել են պատերն ու արտաքին հարդարանքը:
Համայնքապետարանը, արտակարգ իրավիճակների ծառայությունները և պատկան մարմինները գործի են անցել ամբողջ ներուժով՝ գնահատելու վնասները և կազմակերպելու օգնության ու վերականգնման աշխատանքները։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Ապարանում պտտահողմի հետևանքով մարմնական վնասվածք է ստացել 4 անձ: