Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը միայն իր պահանջները կատարելու դեպքում. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Ստամբուլում ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգին: Կողմերը քննարկել են Հյուսիսատլանտյան դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության հարցը, Ուկրաինայում զարգացումները և հացահատիկի գործարքի շուրջ ստեղծված իրավիճակը։

 

Էրդողանը նշել է, որ Անկարան հավանություն կտա ՆԱՏՕ-ին սկանդինավյան երկրների անդամակցությանը, միայն եթե Հելսինկին և Ստոկհոլմը կատարեն ահաբեկչության դեմ պայքարում իրենց պարտավորությունները, մասնավորապես՝ Թուրքիային արտահանձնեն ահաբեկչական կազմակերպությունների հետ կապ ունեցող անձանց:

 

Նա նաև նշել է, որ Անկարան մտադիր է է՛լ ավելի կենտրոնանալ հացահատիկի գործարքի երկարաձգման վրա, որի ժամկետը լրանում է նոյեմբերի 19-ին։

 

Թուրքիայի նախագահն անդրադարձել է Անկարայի և Աթենքի հարաբերություններին, ընդգծել՝ իր երկիրը պատասխանատու չէ տարածաշրջանում աճող լարվածության համար։ Էրդողանի խոսքով՝ Հունաստանը պետք է ողջախոհություն ցուցաբերի և երկխոսություն սկսի։

 

Ստոլտենբերգը, իր հերթին, համոզմունք է հայտնել, որ Ֆինլանդիան և Շվեդիան պատրաստ են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Նրա խոսքով՝ դա ավելի կուժեղացնի Հյուսիսատլանտյան դաշինքը։

Related posts

Խորապես վշտացած ենք՝ տեղեկանալով Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղների մասին. ՀՀ ԱԳՆ

Հրդեհ Գյումրու կտորի արտադրամասերից մեկում

Տեխասում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով զոհվել է ավելի քան 50 մարդ, այդ թվում՝ 15 երեխա