Անելիքները դեռ շատ են. ՀՀ նախագահը հանդիպել է Ֆրանսիայի հայկական կառույցների ղեկավարների հետ

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) Ֆրանսիայի և ՀԲԸՄ Եվրոպայի նախագահ Նադյա Գործունյանի հետ:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է Թուրքիայի ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված լայնածավալ ռազմական ագրեսիային և ներկայացրել ստեղծված իրավիճակը։ Կարևորելով Սփյուռքի հայկական կառույցների կողմից կատարված և կատարվող աշխատանքներն, ինչպես նաև սփյուռքահայության համախմբված տարաբնույթ աջակցությունը Հայրենիքին՝ Հայաստանի նախագահն այդ համատեքստում բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի հայկական կառույցների կողմից կատարվող քայլերը:

Միաժամանակ, նախագահ Սարգսյանը նշել է, որ անելիքները դեռևս շատ են ինչպես միջազգային հանրությանն ու տարբեր երկրների ղեկավարներին ու հասարակություններին արցախյան հակամարտության և ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի վերաբերյալ ողջ ճշմարտությունը հասցնելու, այնպես էլ Հայրենիքին աջակցության առումով։ Նախագահն ասել է, որ վերջին իրադարձությունները վերստին վկայում են մեր ժողովրդի միասնականության և ինքնակազմակերպվելու որակների մասին։

Մուրադ Փափազյանը և Նադյա Գործունյանը նշել են, որ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները, ողջ ֆրանսահայ համայնքն այսուհետ ևս կշարունակեն աջակցության գործողությունները Հայրենիքին և բոլոր ջանքերը կգործադրեն ստեղծված իրավիճակի վերաբերյալ հավաստի տեղեկատվությունը տեղի հանրությանը ներկայացնելու համար։

Related posts

Վարդահովիտ գյուղում գետի վարարման հետևանքով քաղաքացիները չեն կարողացել անցնել մյուս ափ. օգնության են հասել փրկարարները

Կլինեն հոսանքազրկումներ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարարի հետ