Այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք. Զարեհ Սինանյանը համախմբման կոչով դիմել է հայ ժողովրդին

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հայ ժողորդին կոչ է արել համախմբել հայրենիքի պաշտպանության գործի շուրջ: Սինյանյանի տեսաուղերձը հրապարակվել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում: «Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, թշնամին դարձյալ պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին` հարձակում գործելով մեր հայրենի Արցախի ուղղությամբ: Թշնամու նպատակը կար և մնում է մեզ զրկել մեզ բնօրրանից, մեզանից խլել պատմական հայրենիքի վերջին մասը, մեզ ոչնչացնել կամ դարձնել անհայրենիք ժողովուրդ: Թշնամին իր հայտնի հովանավոր և ցողասպան մեծ եղբոր հետ միասին կրկին թերագնահատել են մեր ուժը, մեր տոկունությունը և մեր սերն առ հայրենիք: Նրանք բախվելու են ողջ հայության, ողջ հայկական աշխարհի համառ դիմադրությանը և արդար ցասմանը»,- նշել է Սինանյանը:

Զարեհ Սինանյանը հավելել է, որ այս պատերազմում ամեն մեկս զինվոր ենք, ամեն մեկս մեծ դեր ունենք, և եկել է այն պահը, երբ յուրաքանչյուրս իր ձևով, իր հնարավորությունների չափով պետք է պաշտպանի մեր ազգն ու հողը:

«Մեր զինված ուժերը հզոր են և ծանր մարտերում պաշտպանում են մեր հայրենի սահմանները, մեր ժողովրդին: Մենք էլ, համախմբվելով հայրենիքի պաշտպանության գործի շուրջ, պետք է մոտեցնենք հաղթանակի անխուսափելի պահը: Սիրելի՛ներ, կանգնենք մեր հայրենիքի, մեր բանակի, հայ զինվոր կողքին և հաղթենք միասին: Մեր դատն արդար է, միասին մենք հզոր ենք, Աստված մե՛ր կողմից է, և ոչինչ, ոչ ոք՝ ո՛չ Թուրքիան և ո՛չ էլ սիրիացի վարձկանները չեն կարողանա Ադրբեջանին և Ալիևին փրկել մեր կոշտ և անկասելի պատժից: Փառք մեր բանակին, փառք մեր պետությանը, փառք Հայաստանին և փառք հայ ժողովրդին»,- ասել է Զարեհ Սինանյանը:

Արցախի հետ շփման գծի ողջ երկայնքով սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանն ակտիվ հրետակոծություն է սկսել: Հրետակոծվում են նաև խաղաղ բնակավայրերը, այդ թվում մայրաքաղաք Ստեփանակերտը: Ադրբեջանի հարձակման հետևանքով առաջին զոհերը եղել են Մարտունու շրջանում՝ մեկ կին և մեկ երեխա: Նախնական տվյալներով հայկական կողմն ունի 16 զոհ և կա 100-ից ավելի վիրավոր տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով։  Հակառակորդը հրետակոծել է նաև դպրոցներ, ներառյալ Ստեփանակերտում։ Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն և ընդհանուր զորահավաք։ Արցախի ուղղությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված գործողությունների արդյունքում, ճշտված տեղեկություններով, ադրբեջանական կողմն ունի մարդկային մոտ 200 կորուստ: Ադրբեջանական զինուժն ընդհանուր առմամբ կորցրել է 4 ուղղաթիռ, 27 ԱԹՍ, 36 տանկ և հետևակի մարտական մեքենա, ինչպես նաև 2 ինժեներական զրահամեքենա և 11 զրահատեխնիկա:

Related posts

Այնտեղ գնացել ենք պահի ազդեցության տակ. Կիրանց գյուղ մեկնած զինծառայողներն ուղերձով դիմել են հանրությանը

Զինված ուժերին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ

Ազատ, ինքնիշխան, անվտանգ, երջանիկ պետություն ունենալու ՀՀ քաղաքացու կամքն ամուր է քարից էլ, իսկ ոգին հանձնվել չգիտի. Նիկոլ Փաշինյանի ուղերձը