Այս պահին ՀՀ-ի և Թուրքիայի միջև որևէ շփում տեղի չի ունեցել. Մանե Գևորգյան

Հայաստանի Հանրապետության վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը, «Արմենպրես»-ի հարցերին ի պատասխան, անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել: Մանե Գևորգյանը նշում է, որ Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի՝ իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է՝ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում:

Հարց – Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե ՀՀ վարչապետը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպման առաջարկ է արել, ի՞նչ կասեք այս մասին:

Պատասխան – Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է Կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի Կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-Կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում՝ ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք նախորդեն աշխատանքային քննարկումներ, և միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի և Թուրքիայի պաշտոնյաների միջև որևէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի Կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում Հայաստանը պատրաստ կլինի նաև բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների:

Հարց – Թուրքիայի նախագահը կրկին խոսել է Հայաստանի տարածքով միջանցք բացելու խնդրի մասին՝ ասելով, որ դա քաղաքական հարց է: Ինչպե՞ս կմեկնաբանեք:

Պատասխան – Վարչապետ Փաշինյանը բազմիցս արտահայտվել է այդ կապակցությամբ: Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարություններում արձանագրված պայմանավորվածությունների ճշգրիտ իրագործումը: Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում: Որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն և կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը: Այն նպատակ ունի ոչ միայն մեկուսացած պահել տարածաշրջանի պետությունները և ժողովուրդներին, այլև այդ մեկուսացմանը անշրջելի տեսք տալ: Բայց կան նաև տարածաշրջանային կոմունիկացիաները բացելու այնպիսի տարբերակներ, որոնք ընդգծում են տարածաշրջանային փոխկապակցվածությունը և թշնամության մթնոլորտի քայլ առ քայլ հաղթահարման իրական միջոց կարող են դառնալ: Հայաստանի Կառավարությունը հենց նման տարբերակի կողմնակից է, և հենց այդ տարբերակն է նկարագրված նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետում և հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ:

Հարց – Ստեղծված պայմաններով որքանո՞վ եք իրատեսական և համարժեք համարում տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու օրակարգը:

Պատասխան – Ցավոք, գրեթե ամեն օր տեղի են ունենում իրադարձություններ, որոնց նպատակը խաղաղության օրակարգը դելեգիտիմիզացիայի ենթարկելն է, թշնամության մթնոլորտը ոչ միայն խորացնելը, այլև այն առավել համակարգված դարձնելը: Այս և մյուս քայլերն արվում են՝ ի ցույց դնելու խաղաղության անհնարինությունը մեր տարածաշրջանում, բայց Հայաստանի Կառավարությունը հետևողականորեն առաջ է տանելու այդ օրակարգը՝ մեր տարածաշրջանի համար խաղաղության դարաշրջան բացելու բոլոր հնարավորություններն օգտագործելով և նոր հնարավորություններ ստեղծելով: Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք, և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան