Այս մրցաշարը ծառայում է հաղթանակի, թիմի, անհատական պատասխանատվության ոգու զարգացմանը. Նիկոլ Փաշինյանը` թիմային խճուղավազքի մրցաշարի մասնակիցներին

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ` Աննա Հակոբյանի և դստեր` Արփի Փաշինյանի հետ Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարին:

Վարչապետը մասնակիցներին նախ հանդիպել է մրցաշարի մեկնարկից առաջ և բոլորին մաղթել հաջողություններ:

Առաջին անգամ մրցաշարն անցկացվել է երկօրյա ճամբարով: Մրցաշարին մասնակցում էին 11 թիմ` յուրաքանչյուրի կազմում 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարեցին 5000 մետր մրցատարածությունը: Երկրորդ տարին անընդմեջ առաջին տեղը զբաղեցրել է Սյունիքի թիմը, երկրորդ հորիզոնականը` Վայոց ձորի Արենիի թիմը, իսկ եռյակը եզրափակել է Լոռու մարզի Վանաձորի քաղաքի թիմը:

Մրցման լավագույն վազորդներն էին Շիրակից Մարի Սարգսյանն ու Սյունիքից՝ Արթուր Համբարձումյանը: Եզրափակիչ փուլի 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր գրաված դպրոցների թիմերի և մասնակիցների պարգևները հանձնել են վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Լավագույն վազորդներին մրցանակներ է հանձնել վարչապետի տիկին Աննա Հակոբյանը: Մրցաշարին ներկա է եղել նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղ զբաղեցրածը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ: Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված էին, համապատասխանաբար, 500 հազար դրամ՝ ուսուցչի, 100 հազարական դրամ՝ աշակերտների, 300 հազար դրամ՝ ուսուցչի և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար:

Իր խոսքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է.

«Հարգելի ներկաներ,
Հարգելի մասնակիցներ,

Շնորհավորում եմ բոլորիս այսօրվա իրադարձության առիթով: Դուք գիտեք, որ մենք հիմա «Վարչապետի գավաթ» խորագրի ներքո չորս մրցաշար ունենք: Պիտի խոստովանեմ, որ երկու տարվա արդյունքներով ակնհայտորեն այդ նախնական մտահղացմանը, նպատակին, ոգուն ամենաշատը համապատասխանում է խճուղային վազքի դպրոցականների մրցաշարը, և ուզում եմ բոլորին շնորհակալություն հայտնել ակտիվ մասնակցության համար:

Մենք երեկ և այսօր շատ լավ ժամանակ իրար հետ անցկացրեցինք, տեսանք խորհրդանշական իրադարձություններ: Երեկ շատ կարևոր քննարկում ունեցանք: Այդ քննարկումը, իմիջիայլոց, մրցանակի մասին չէր, այդ քննարկումն անհատի և քաղաքականության, անհատի և թիմի հարաբերությունների մասին էր: Եվ ես շատ ուրախացա, երբ տեսա, զգացի, որ մեր երեխաները, որոնք այստեղ են վազքի առիթով, շատ լրջորեն կարողանում են փաստարկել իրենց տեսակետները և հիմնավորել իրենց մոտեցումները: Դա չափազանց կարևոր է:

Ես առանձնակի հուզականությամբ հետևեցի մեր մրցաշարի վերջին մասնակիցներին, այսինքն՝ եզրագծին վերջին մոտեցողներին, և ես չգիտեմ այդ կադրը նկարահանվել է որևէ տեղ՝ նախավերջին մեր մասնակիցը, երբ մոտենում էր եզրագծին, բնականաբար, շատ հոգնած, հասկանում էր, որ ինքը մեծ հավանականությամբ մրցանակային տեղ չի զբաղեցնելու, և նա եզրագծին մոտենալով, վազքով ձեռքը պարզել էր, որպեսզի եզրագծին տրվող իր համարը վերցնի: Եվ եթե լուսանկարվել է այդ կադրը, ես կարծում եմ, որ այդ կադրը կարող է դառնալ մեր այս մրցաշարի ամենակարևոր սիմվոլներից մեկը: Երևի Արարատի թիմից էր: Ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև շատ կարևոր էր, որ բոլոր մասնակիցները նույնպիսի վճռականությամբ, նույնպիսի հաստատակամությամբ սեփական անելիքն անողի շատ պարզ գիտակցությամբ եզրափակեցին մեր մրցաշարը:

Ուզում եմ շնորհակալություն հայտնել: Սա մի կարևոր իրադարձություն է: Եվ կարծում եմ՝ նրանք, ովքեր հետևել են մրցաշարին, ունեն այդ հարցի պատասխանը, թե ինչու են այսքան շատ պետական բարձրաստիճան անձինք եկել և երկու օր զբաղված են այստեղ այս գործով: Սա շատ կարևոր աշխատանք է, որովհետև մենք հասկանում ենք և եկել ենք այն եզրակացության, որ շատ հարցեր կան, որոնց լուծումների հետևից պետք է գնանք` ԴՆԹ մակարդակով հասկանալու խնդիրները, և այդ մակարդակից սկսելու լուծել դրանք: Գաղտնիք չէ` մեր մոտեցումն այն է, որ կրթությունից, հանրակրթությունից, դպրոցից, մանկապարտեզից պետք է այդ հաղթանակի ոգին, թիմի ոգին, անհատական պատասխանատվության ոգին զարգանա, և մենք տեսնում ենք, որ, ահա, այս մրցաշարը ծառայում է այդ նպատակին»:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել մրցաշարի բոլոր կազմակերպիչներին, այդ թվում` ԿԳՄՍ նախարարությանը, այն բարձր մակարդակով անցկացնելու համար: Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել նաև Առողջապահության նախարարությանը` մրցաշարի շրջանակում տեղադրված տաղավարների միջոցով առողջ ապրելակերպը խթանելու համար:

«21-րդ դարում, այո, սկզբունքային կարևոր բան է մարդկանց օգնել, որպեսզի նրանք սովորեն առողջ ապրելակերպին համապատասխան սնվել: Մենք պետք է հասկանանք, որ սա է զարգացման գրավականը՝ սովորել սնվել, սովորել սովորել, սովորել սովորեցնել, սովորել ընկալել, սովորել հասկանալ, սովորել հաղթահարել: Եվ այս միջոցառումը, այս մրցաշարը սրա համար է: Հայրենագիտությունը, հայրենաճանաչությունը շատ կարևոր է: Նաև ուզում ենք՝ այս մրցաշարերն ինչ-որ առումով դիվերսիֆիկացնել մարզերի միջև, որպեսզի, այո, մեր ներքին շարժունակությունը մեծանա: Դրա անունը նույնիսկ տուրիզմ չէ, դրա անունն է` սովորել ճանաչել սեփական Հայրենիքն իր բոլոր անկյուններով, որովհետև ճանաչելը հասկանալու, նրա շահերն ընկալելու, նրա ձգտումները հասկանալու ամենակարևոր միջոցն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Related posts

Հաճախակի են դառնում դեպքերը, երբ օձերին վնասում են՝ լրջորեն վտանգելով և՛ իրենց, և՛ կենդանիների կյանքը․ ՇՄՆ զգուշացումը

Հրդեհ Առնո Բաբաջանյան փողոցի նորակառույց չբնակեցված շենքերից մեկում

Արման Խաչատրյանը համատեղության կարգով նշանակվել է Մոնակոյում ՀՀ դեսպան