Այսօր հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցն է

Այսօր լրանում է հոկտեմբերի 27-ի ոճրագործության 25-րդ տարելիցը:

1999 թվականի այս օրը զինված հանցագործների մի խումբ ԱԺ հերթական նստաշրջանի՝ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, ներխուժեց խորհրդարան և գնդակահարեց պետական գործիչների:

Ահաբեկչությանը զոհ գնացին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանն ու Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը, Միքայել Քոթանյանը և օպերատիվ կառավարման նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

Ահաբեկչական խումբը պատանդ էր վերցրել 91 մարդու, հիմնականում՝ պատգամավորների։ Գերեվարված են եղել նաև նիստը լուսաբանող լրագրողները, որոնց որոշ ժամանակ անց ահաբեկիչները ազատ են արձակել։ Վիրավորում ստացած պատգամավորներին և կառավարության անդամներին նույնպես որոշ ժամանակ անց դուրս են թողել։

Պատանդ մնացած անձինք ազատ են արձակվել հոկտեմբերի 28-ի լուսադեմին՝ ահաբեկիչների կողմից զենքերը վայր դնելուց ու հանձնվելուց հետո։

Դատարանը 2003 թվականի դեկտեմբերի 2-ին հրապարակեց գործով դատավճիռը:

Նորք-Մարաշ շրջանային դատարանի դատավոր Սամվել Ուզունյանը ոճրագործությունն իրականացրած 7 ահաբեկիչների նկատմամբ կայացրեց վճիռ, ըստ այդմ՝ 6 հոգի դատապարտվեց ցմահ, իսկ 1-ը՝ 14 տարվա ազատազրկման:

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակը հավերժացնելու համար 2009 թվականին Ազգային ժողովի շենքի բակում տեղադրվեց Երվանդ Քոչարի «Բիբլիական Դավիթը» (1953 թ.) քանդակը:

Related posts

Հունիսի 7-ին՝ ժամը 21.00-ին, «Երևանի գինու օրերին» ներկա է եղել շուրջ 12 հազար 300 մարդ․ Նիկոլ Փաշինյան

Լոս Անջելեսում բողոքի ցույցեր են տեղի ունեցել ԱՄՆ ներգաղթի հարցերով ծառայության գործողությունների պատճառով

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին