«Գերագույն հրամանատարի ցուցումով ԱՄՆ կենտրոնական հրամանատարության ուժերը սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանին՝ Հորմուզի նեղուցում նավարկության ազատությանը սպառնալու` նրա կարողությունը թուլացնելու համար։
Միացյալ Նահանգները պատասխանատու է համարում Իրանին այս կենսականորեն կարևոր միջազգային ջրային ճանապարհով ազատորեն նավարկող առևտրային նավերի և քաղաքացիական անձնակազմի դեմ վերջերս իր անարդարացի ագրեսիայի համար», – ասվում է սոցիալական ցանցերում հրամանատարության տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ Truth Social-ում գրել է․ «Սա վրեժ է Իրանի կողմից երեկ նավերի ռմբակոծության համար։ Եթե դա կրկին պատահի, շատ ավելի վատ կլինի»։
Պետական IRNA լրատվական գործակալությունը հաղորդել է պայթյունների մասին Իրանի հարավային ափի մի քանի քաղաքում՝ Հորմուզի նեղուցի մոտ, այդ թվում՝ Բանդար Աբբասում, որտեղ գտնվում են երկրի ամենամեծ նավահանգիստը և Իրանի նավատորմի ու Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի կարևոր օբյեկտները։
Հարվածներից տուժել են նաև Չաբահար, Քոնարակ և Սիրիկ քաղաքները, ինչպես նաև Լավան կղզին: Չաբահարի որոշ շրջաններ հոսանքազրկվել են։ IRIB պետական հեռուստաալիքի տվյալներով՝ քաղաքում հարձակման են ենթարկվել երկու նավամատույց և ծովային կառավարման աշտարակը:
Պետական Press TV-ն հայտնել է, որ պայթյուններ են տեղի ունեցել Իրանի հարավ-արևելքում գտնվող Իրանշահր քաղաքի օդանավակայանի տերմինալի շենքում և թռիչքուղու վրա: IRNA-ի փոխանցմամբ՝ օդանավակայանում զոհվել է մեկ հրշեջ, իսկ թռիչքների կառավարման շենքը և օդերևութաբանական կայանը վնասվել են:
Ըստ Tasnim լրատվական գործակալության` հրթիռը վնասել է երկրի հյուսիսում գտնվող երկաթուղային կամուրջը: Պայթյունների ձայներ են լսվել նաև Բուշերում: Այս նավահանգստային քաղաքում է գտնվում Ռուսաստանի հետ համատեղ կառուցվող ատոմակայանը: Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդին կից «Նուռնյուզ» գործակալությունը հայտարարել է, որ կայանը չի վնասվել:
Ռազմական աղբյուրին հղում անելով՝ գործակալությունը հաղորդել է, որ Իրանը շուտով կվերսկսի «զանգվածային հարձակումները» տարածաշրջանում գտնվող ամերիկյան ռազմական բազաների վրա: