ԱՄՆ-ը 50% մաքսատուրք կսահմանի Կանադայից ներմուծվող մեքենաների և բեռնատարների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երկուշաբթի հայտարարել է, որ 2027 թվականի հունվարի 1-ից 50% մաքսատուրք կսահմանի Կանադայում արտադրված մեքենաների, բեռնատարների, ավտոպահեստամասերի և պողպատի համար։

«Մաքսատուրքեր չեն լինի, եթե դրանք հավաքվեն ԱՄՆ-ում»,- գրել է նա TruthSocial սոցիալական ցանցում։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը Կանադայի նկատմամբ հասել է 60 միլիարդ դոլարի՝ Օտտավայի կողմից ամերիկյան գյուղատնտեսության ոլորտի նկատմամբ սահմանված մաքսատուրքերի պատճառով։ Նախագահն ընդգծել է, որ Կանադան կարիք ունի ԱՄՆ-ի, այլ ոչ թե հակառակը, և որ կանադական բիզնեսի 95%-ը գտնվում է ԱՄՆ-ում։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին էլ ասել է, որ կանադական ապրանքների վրա 50% մաքսատուրքերի նոր ալիքը Վաշինգտոնի կողմից «սխալ հաշվարկ» է։

«Մենք չենք կարող ընդունել այն, ինչ նրանք առաջարկել են, և չենք տա այն, ինչ պահանջել են»,- հայտարարել է Քարնին՝ մեկնաբանելով բանակցությունների ձախողումը, որի մասին հայտնի է դարձել երեկ երեկոյան: Քարնին հայտնել է, որ հրաժարվել է ԱՄՆ-ի հետ գործարքից, քանի որ պատրաստ չէր «զոհաբերել Կանադայի ինքնիշխանությունը»:

Վարչապետը հավելել է, որ Կանադան կգործի համաչափ («դոլար՝ դոլարի դիմաց»)։ Ակնկալվում է, որ սեպտեմբերի 8-ից մաքսատուրքեր կսահմանվեն ամերիկյան պողպատի, կաթնամթերքի, կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի, ինչպես նաև այլ ապրանքների համար։

Ավելի վաղ երկու կողմերը լավատեսորեն էին տրամադրված գործարքի հեռանկարների նկատմամբ, բայց հետո միմյանց մեղադրեցին վերջին րոպեին փոփոխություններ կատարելու համար։

Related posts

Բանկերից տեղեկանք ստանալը կդառնա անվճար․ ԿԲ

ՀՀ Կառավարության 2026-2031 թթ․ գործունեության ակնկալվող ուղենշային արդյունքները

Սեպտեմբերի 1-ին Հայաստանում կանցկացվեն թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցի պլանային աշխատանքներ