ԱՄՆ-ը կրկնում է Լաչինի միջանցքով ազատ տեղաշարժը վերականգնելու կոչը. Փրայս

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսն ամենօրյա ճեպազրույցի ընթացքում անդրադարձել է հայ-ադրբեջանական հարաբերություններին, Լաչինի միջանցքի շրջափակմանը:

«Միացյալ Նահանգները հույս ունի, որ ուղիղ երկխոսությունը երկու երկրների միջև կհանգեցնի այն հարցերի լուծմանը, որոնք վաղուց բաժանում են Հայաստանն ու Ադրբեջանը, և այդ երկխոսության միջոցով, հուսով ենք, կհասնենք տևական խաղաղության»,- ասել է Փրայսը։

«Մենք շարունակում ենք ուղիղ երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի հետ, նաև մեր գործընկերների հետ, մենք դա անում ենք բազմակողմ ինստիտուտների միջոցով: Անցյալ տարի նույնպես մի քանի անգամ առիթ ունեցել ենք անցկացնել եռակողմ հանդիպումներ: Մենք պատրաստվում ենք դիմել բոլոր ամենաարդյունավետ միջոցներին՝ այս շատ փշոտ հարցերին լուծում տալու համար»,- ասել է նա։

Հարցին, թե արդյոք պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հստակ հասկանում է, թե որտեղ է բանակցային գործընթացը փակուղի մտել, Փրայսը պատասխանել է. «Մենք լավ ենք պատկերացում իրավիճակը և ունենք տարբեր մտահոգություններ»:

«Մենք մտահոգված ենք, որ այնտեղ իրավիճակը վատթարանում է: Լեռնային Ղարաբաղում հումանիտար վիճակի վատթարացումը եղել է ոչ միայն պետքարտուղարի, այլև այս շենքում գտնվող մյուսների ուշադրության կենտրոնում: Լաչինի միջանցքի երկայնքով սովորական առևտրային և մասնավոր ճանապարհորդությունների շարունակական խոչընդոտումը սննդի, վառելիքի և դեղորայքի պակաս է առաջացնում բնակիչների համար, որոնք այդ միջանցքից են ստանում այդ հիմնական պաշարները: Բնական գազի և այլ կոմունալ ծառայությունների պարբերական խափանումներն ավելի են խորացնում հումանիտար իրավիճակի վատթարացումը»,- ասել է Փրայսը:

«Մենք կոչ ենք անում լիովին վերականգնել ազատ տեղաշարժը միջանցքով, ներառյալ կոմերցիոն և մասնավոր ճանապարհորդությունները։ Կարծում ենք, որ պետք է լուծում գտնենք այս փակուղուց դուրս գալու համար՝ ապահովելու տարածքում ապրող բնակչության անվտանգությունն ու բարեկեցությունը: Կարծում ենք, որ առաջընթացի ճանապարհը, ինչպես նախկինում ասացի, բանակցությունների միջոցով է: Մենք հավատարիմ ենք կայուն խաղաղությանն աջակցելուն»,- ասել է խոսնակը։

Related posts

Կրեմլում մեկնարկել է Փաշինյան-Պուտին առանձնազրույցը

Արարատ Միրզոյանը Կանադայի ԱԳ նախարարին ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ վերջին զարգացումները

ՀԱՊԿ-ը ԵԱՏՄ-ի թեման չէ, Հայաստանի անդամակցության հետ կապված հարցեր չեն քննարկվել․ Օվերչուկ