ԱՄԷ գործարար պատվիրակության հետ քննարկվել են ՀՀ-ից ԱՄԷ շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանմանն առնչվող հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը հուլիսի 16-ին հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործարար պատվիրակության հետ: Այդ մասին հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանից Արաբական Միացյալ Էմիրությունների շուկա թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման հնարավորություններին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև արտահանման գործընթացի կազմակերպման, լոգիստիկ երթուղիների, ֆիտոսանիտարական պահանջների հետ կապված հարցերի։
Արման Խոջոյանը ներկայացրել է Կառավարության կողմից արտահանման խթանմանն ուղղված քաղաքականության հիմնական ուղղությունները՝ ընդգծելով Ծոցի երկրների հետ համագործակցության ընդլայնման և հայկական թարմ բանջարեղենի և ծաղիկների արտահանման առնչվող հարցերը։
Նա նաև ներկայացրել է Հայաստանի ջերմատնային տնտեսությունների ներուժը, երկրում արտադրվող թարմ բանջարեղենի և ծաղիկների տեսականին, դրանց որակական առավելությունները և արտահանման առկա հնարավորությունները, ինչպես նաև առաջարկվել է դիտարկել ԱՄԷ հանքային ջրի արտահանման հնարավորությունը։
Հանդիպմանը մասնակցել են նաև ծաղիկ և թարմ բանջարեղեն արտադրող, լոգիստիկ ծառայություններ մատուցող ընկերությունների ներկայացուցիչներ։
Վերջիններս ներկայացրել են իրենց գործունեության հիմնական ուղղությունները, արտադրանքի տեսականին, արտահանման փորձն ու համագործակցության հնարավորությունները՝ անդրադառնալով նաև մատակարարման կազմակերպման և շուկայի պահանջներին համապատասխանելու հարցերին։
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել համագործակցությունը, պահպանել գործարար կապերը և տեղեկատվության փոխանակման միջոցով մշակել հետագա համագործակցության գործնական ուղղությունները՝ նպաստելով Հայաստանի և Արաբական Միացյալ
Էմիրությունների միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնմանը։
Համագործակցության գործնական հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը և Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման ալ Մուլլան, ինչպես նաև գործարար պատվիրակության ներկայացուցիչներն այցելել են մի քանի ջերմատնային տնտեսություններ՝ տեղում ծանոթանալու արտադրական և արտահանման կարողություններին, փաթեթավորման, սառնարանային պահպանման ու լոգիստիկ ենթակառուցվածքներին։

Related posts

ՀՀ ՔԿ նախագահի տեղակալի գլխավորած պատվիրակությունը Չինաստանում է. քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք առավել զարգացնել և ընդլայնել մեր փոխգործակցային օրակարգը․ Փաշինյանը՝ Լիտվայի նորանշանակ վարչապետին

Համընդհանուր դիզայն․ միջավայր, որը հասանելի է բոլորին