«Ամերիկացիներին պետք է հարցնել՝ որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները». ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է ԼՂ-ում սկանդինավցի խաղաղապահներ մտցնելու գաղափարը

Մոսկվան ամբողջական տեղեկատվություն չունի Ղարաբաղում սկանդինավյան երկրներից խաղաղապահներ տեղակայելու գաղափարի մասին, բայց ամեն դեպքում, բոլոր պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի միջև: Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը հայտարարել էր, որ Վաշինգտոնը սկանդինավյան երկրների հետ  աշխատում է Լեռնային Ղարաբաղ խաղաղապահ առաքելության հնարավոր ուղարկման շուրջ, որը կարող է տեղակայվել տարածաշրջանում `զինադադարի պահպանման համար: Նրա կարծիքով, Մինսկի խմբի համանախագահող երկրները, ներառյալ ԱՄՆ-ն կամ հարևան երկրները, չպետք է ներառվեն որևէ զինված խաղաղապահ ուժերի կազմում, Թուրքիայի խաղաղապահ դերն էլ ԱՄՆ-ի և Հայաստանի համար հարմար տարբերակ չէ:

«Ամերիկացիներին պետք է հարցնել, թե որտեղից են ստացել այդ առաջարկներն ու գաղափարները: Հնարավոր մեխանիզմների բոլոր անհրաժեշտ պարամետրերը պետք է համաձայնեցվեն հակամարտության կողմերի հետ խորհրդակցելուց հետո», – լրագրողների հետ զրույցում ասել է Ռուդենկոն:

Պատասխանելով հստակեցնող հարցին, թե արդյո՞ք Մոսկվան տեղյակ է ԱՄՆ-ի այս գաղափարից, փոխնախարարը նշել է, որ «մենք, ինչպես դուք, գիտենք, (միայն) այն, ինչ ասել է Օ’Բրայենը»:

Related posts

Ավտոբուսի վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծանր է, երկուսինը՝ միջին ծանրության. ԱՆ

«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներ

Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը