Ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու ուղղությամբ. Ալեն Սիմոնյան

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Բելգիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մարկ Դեմեսմեկերի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ պաշտոնական կայքից:
ՀՀ ԱԺ նախագահը խնդրել է պատվիրակության ղեկավարին ջերմ ողջույններ փոխանցել Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյոյին և Սենատի նախագահ Ստեֆանի Դ’Օզին: Նա ընդգծել է, որ մեր երկիրը կարևորում է Բելգիայի հետ բարձր մակարդակի շփումները: Այս համատեքստում առանցքային է համարվել բարեկամական խմբերի ձևաչափերով համագործակցությունը: ՀՀ ԱԺ նախագահը համագործակցության լավագույն օրինակ է համարել Դեմեսմեկերի կողմից այս տարվա հուլիսի 2-6-ը Բիրմինգհեմում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանին հայկական կողմի ներկայացրած բանաձևի նախագծում առաջարկած լրացումներին միանալը:
Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի անվտանգությանը և Արցախի հայ բնակչության իրավունքների երաշխավորմանն առնչվող հարցեր:
«Մենք ակնկալում ենք, որ մեր բելգիացի գործընկերները կշարունակեն ջանքեր գործադրել հայ ռազմագերիներին օր առաջ վերադարձնելու, Արցախի՝ ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական պատմամշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման ուղղությամբ»,- նշել է Ալեն Սիմոնյանը:
Նա վստահություն է հայտնել, որ ինչպես 2020 թ. պատերազմի դեպքում, այնպես էլ հիմա, բելգիացի գործընկերները ձայն կբարձրացնեն՝ դատապարտելու Հայաստանի դեմ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության սանձազերծած ագրեսիան:

Related posts

Սկսվել է Կիրանց-Աճարկուտ ճանապարհի հիմնանորոգումը

Մենք ուշադիր հետևում ենք Իրանի նախագահի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի մասին հաղորդագրություններին․ Պետդեպարտամենտ

«Անձրևի պատճառով ցեխ է, ինչը դժվարացրել է մեքենաների և մարդկանց անցումը տարածք»․ վերջին տեղեկատվությունը Ռաիսիի ուղղաթիռի «կnշտ վայրէջք»-ի վայրից