Ակադեմիական քաղաքի ծրագիրը ՀՀ կառավարության ամենամեծ նախագծերից է. Ժաննա Անդրեասյան

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը գործունեության 100 օրվան նվիրված ասուլիսի ընթացքում անդրադարձել է հանրային մեծ արձագանք ստացած մի շարք հարցերի:

Պատասխանելով հարցին, թե ակադեմիական քաղաքում ո՞ր բուհերն են տեղակայվելու, ինչպե՞ս է կազմակերպվելու այդ բուհերի ուսանողների և դասախոսների տեղափոխությունը՝ նախարարը շեշտել է, որ ակադեմիական քաղաքը նախ պետք է կառուցվի, որից հետո նոր հնարավոր կլինի խոսել դասախոսների և ուսանողների տեղաշարժի մասին:

ԿԳՄՍ նախարարը նշել է, որ ակադեմիական քաղաքի ծրագիրը ՀՀ կառավարության ամենամեծ նախագծերից է, որի իրականացման ճանապարհային քարտեզը քննարկվում է և առաջիկայում կառույցի ստեղծման նախագիծը կհրապարակվի:

Ակադեմիական քաղաքի համար, ըստ նախարարի, նախատեսվում են երեք կլաստերներ. «Այս փուլում պետք է կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչպես պետք է կառուցվի քաղաքը, ինչ պայմանների պետք է բավարարի, ինչ ֆունկցիոնալ առանձնահատկություններ պետք է ունենա, որտեղ պետք է տեղակայված լինի։ Մենք խոսում ենք շատ մեծ կառույցի մասին, որն ունենալու է 3 տարբեր կլաստերներով տեղակայվածություն։ Դրանցից մեկն արվեստի կլաստերն է, որը լինելու է «Հայֆիլմի» տարածքում, 2-րդը՝ Աշտարակի մոտ տեղակայված Ֆիզիկայի ինստիտուտի տարածքն է, որտեղ մենք պատկերացնում ենք, որ պետք է լինի տեխնոլոգիական ուղղվածության բուհերի կլաստերը, որտեղ իրականացվելու է գիտահետազոտական գործունեություն»,- ասել է նախարարը՝ հավելելով, որ երրորդ ամենամեծ կլաստերում կարող են տեղակայվել կրթական, սպայական հաստատություններ, ինչպես նաև գործունեություն ծավալել միջազգային կամ միջպետական բուհերը։

Related posts

Հաշվարկային փաստաթղթերում ապրանքների արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագրերը կդառնան պարտադիր. ՊԵԿ

Սևանի կողակի վերականգնման ուղղությամբ հաջողություններ ունենք. Հակոբ Սիմիդյան

Էրեբունի փողոցի «Պիցցա Տաշիր»-ում «Կեսար» և «Մայրաքաղաքային» աղցանների արտադրությունը կասեցվել է. ՍԱՏՄ