Ալիևի հասցեին ինքնամոռաց գովասանքից հետո Գուսմանն ազատվել է «ՏԱՍՍ» գործակալության փոխտնօրենի պաշտոնից

Ծնունդով ադրբեջանցի Միխայիլ Գուսմանը հեռացվել է ռուսական առաջատար լրատվական գործակալության՝ ՏԱՍՍ-ի գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից։

Համապատասխան որոշումը ստորագրել է ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը:

«Միխայիլ Սոլոմոնովիչ Գուսմանին ազատել դաշնային պետական ունիտար ձեռնարկության Ռուսաստանի «Տեղեկատվական հեռագրային գործակալության (ԻՏԱՌ-ՏԱՍՍ)» գլխավոր տնօրենի առաջին տեղակալի պաշտոնից», – ասվում է փաստաթղթում։

Նշենք՝ օրեր առաջ Գուսմանը ուղևորվել էր ադրբեջանական հսկողության տակ անցած Շուշի, մասնակցել այնտեղ մեդիաֆորումին, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Գուսմանը և մյուսները գովեստի խոսքեր են շռայլել Ալիևի հասցեին: EADaily-ն, օրինակ, հայտնել է, որ ռազմական բլոգեր Սերգեյ Կոլյասնիկովը ուշադրություն է հրավիրել այն բանի վրա, թե ինչպես են Ռուսաստանի ներկայացուցիչները հաճոյախոսություններ հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հասցեին, որը դեմարշ է արել Ռուսաստանի դեմ: Կոլյասնիկովին վրդովեցրել են քաղաքագետ Սերգեյ Մարկովի և լրագրող Միխայիլ Գուսմանի մեկնաբանությունները հատկապես:

Կարելի է ենթադրել, որ Գուսմանի հեռացմանը նպաստել են հենց այս իրադարձությունները, որովհետև ինչպես հայտնի է՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունները վերջին շրջանում բարդ փուլ են ապրում՝ ուղեկցված սկանդալներով ու փոխադարձ մեղադրանքներով:

Related posts

Հայաստանը COP17-ում մեկնարկել է լեռնային և քաղցրահամ ջրային էկոհամակարգերի Երևանի հարթակը

2027-ից առողջության համընդհանուր ապահովագրությունը հասանելի կլինի ևս ավելի քան 350 հազար քաղաքացու

«Անկախ դիտորդ»․ 142 տեղամասում արձանագրվել է 213 խախտում, սակայն դրանք չեն ազդել ՏԻՄ ընտրությունների արդյունքների վրա