Ալիևը պարզ ասում է, որ իրեն դրդել են լուծումների, որոնց ինքը չի գնացել․ ադրբեջանագետ

Ալիևի այսօրվա ելույթից մի հատված կա, որը կուզեմ առանձնահատուկ շեշտել, նա ասում է. «Առաջին ղարաբաղյան պատերազմը երբ ավարտվեց ինձ բոլորն ասում էին՝ ընդունի այս իրողությունները, բայց ես դրանք չընդունեցի: Հիմա ես եմ ասում՝ ընդունեք իրողությունները, քանի որ դրանց փոփոխությունը, անգամ եթե լինի, ձեր օգտին չի լինելու…»: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ադրբեջանագետ, նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը:
«Նա պարզ ասում է, որ իրեն դրդել են լուծումների, որոնց ինքը չի գնացել: Կոտրում է այն միֆը, որ հայկական կողմը իբր չի գնացել խաղաղ կարգավորման: Ադրբեջանը չի ուզել խաղաղ լուծում, որովհետև դա ենթադրում էր փոխզիջումներ: Ուզել է ռազմական լուծում, որպեսզի վերջնական «փակի» հարցը: Ռազմականով էլ ամբողջին չհասավ, հիմա անցել է հյուծման քաղաքականությանը:
Սա պարզ գործելաոճ է:

Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը ցույց է տալիս հետևողականության ուժը: Իրականում հաղթում է այն կողմը, ով ավելի հետևողական ու խելացի է գործում, ով անգամ թուլացած վիճակում չի ծնկում, ոտքի է կանգնում, առաջ գնում: Ես, ինչպես ցանկացած բանական մարդ, ատում եմ պատերազմը, ուղղակի ատում, կուզեմ երբեք էլ չլինի մեզ հետ դա: Բայց ես նաև տեսնում եմ, որ հակառակորդը նոր ծրագրեր ունի, մեծ ախորժակ ու դրան հասնելու համառություն, դրա համար այս ծնկած վիճակից ոտքի կանգնել է պետք, ուշքի գալ ու աշխատել, անդադար աշխատել, չհանձնվել, անգամ երբ շուրջդ բոլորը հանձնվում են: Միայն այդպես կարելի է դիմանալ ու պայքարը ավարտել քո հաջողությամբ: Պայքարը միայն զենքով չի, դա նաև խելքի, կամքի, նյարդերի ու հոգեբանական ուժի մասին է»,-նշել է Հայրապետյանը:

Related posts

Ռուսաստանը 2 ինքնաթիռ և 50 փրկարար է ուղարկում Իրան

Իրանի ԱԳՆ-ն հայտնել է նախագահ Ռայիսիի պատվիրակության անդամներից մեկի հետ խոսակցության մանրամասները

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստությամբ է հետևում Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի վերաբերյալ լուրերին