Ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ դեռևս օգոստոսից հետախուզում է հայտարարված եղել ՀՀ-ում

Ի լրումն Արդարադատության նախարարության կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի վերաբերյալ տարածված հաղորդագրության՝ հայտնում ենք հետևյալը.

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի հունվարի 20-ի դատավճռով նշված անձանց վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ Աթիլա Չիչեքին դատապարտելով 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 5700 ԱՄՆ դոլարի բռնագրավմամբ, իսկ Հուսեին Յըլդըրըմին՝ 7 տարի ժամկետով ազատազրկման, գույքի՝ 3 մլն իրանական ռիալի բռնագրավմամբ:

Դատավճռի բողոքարկման հիման վրա ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը 2022 թվականի փետրվարի 23-ին վերաքննիչ բողոքը բավարարել է մասնակիորեն, որոշում է կայացրել պատժի մասով դատավճիռը բեկանել և բեկանված մասով փոփոխել՝ վերջնական պատիժ նշանակելով 5 տարի ժամկետով ազատազրկում, իսկ գույքի բռնագրավում պատժատեսակը թողնվել է անփոփոխ: Միաժամանակ, քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի կիրառմամբ վերջիններիս նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է փորձաշրջան՝ 3 տարի ժամկետով:

Երկուսի նկատմամբ էլ ընտրված խափանման միջոց՝ կալանքը դատարանի կողմից վերացվել է և նրանք ազատ են արձակվել դատական նիստերի դահլիճից:

Ցանկանում ենք ընդգծել, որ Վերաքննիչ դատարանի կողմից դատական ակտի դեմ ներկայացվել է վճռաբեկ բողոք՝ թե՛ ՀՀ Գլխավոր դատախազության կողմից, թե՛ ամբաստանյալների պաշտպանների կողմից, սակայն բողոքները վարույթ ընդունելը մերժվել է:

Ըստ այդմ՝ համապատասխան դատական ակտն ուժի մեջ է մտել և 2022 թվականի հուլիսի 28-ին ի կատար ածման վերաբերյալ կարգադրությունն ու դատական ակտի պատճենն ուղարկվել է Պրոբացիայի ծառայությանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի Հանրապետությունում պատիժը պայմանականորեն չկիրառելու դեպքում փորձաշրջանի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Արդարադատության նախարարության պրոբացիայի ծառայությունը:

Բնականաբար, վերահսկողության իրականացումը ենթադրում է պրոբացիայի ծառայողի կողմից գործողությունների կատարում՝ անձին գտնել, ծանուցել, բացատրել նրա իրավունքներն ու պարտականությունները, վերցնել նրան հաշվառման, կազմվել վերահսկողության պլան և այլն:

Պրոբացիայի ծառայության Սյունիքի մարզային մարմինը դատական ակտն ստանալուց հետո նշված գործողությունների կատարումն ապահովելու նպատակով փորձել է պարզել նշված անձանց գտնվելու վայրը, սակայն վերջիններիս չհայտնաբերելու արդյունքներով 2022 թվականի օգոստոսի 8-ին միջնորդություն է ներկայացրել դատարան՝ Աթիլլա Չիչեքի և Հուսեին Յըլդըրըմի նկատմամբ հետախուզում հայտարարելու մասին:

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 2022 թվականի օգոստոսի 22-ին բավարարել է միջնորդությունը՝ գտնելով, որ նշված անձինք առերևույթ խուսափում են վերահսկողությունից, սպառվել են նրանց հայտնաբերելու բոլոր միջոցները, նշված անձանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում, իսկ որոշման կատարումը հանձնարարվել է ՀՀ ոստիկանության Սյունիքի մարզային վարչության Գորիսի բաժնին: Հայտնում ենք, որ Արդարադատության նախարարությունը հետախուզման մեջ գտնվող անձանց գտնվելու վայրի վերաբերյալ որևէ տեղեկատվության չի տիրապետում:

Related posts

Իմ դիրքորոշումը հստակ է՝ կլինի սուր, բայց կանոնավոր բառապաշարով քննադատություն, կվարվեմ նույն կերպ, կլինի հարգանք՝ կարձագանքեմ հարգանքով․ վարչապետ

Տպավորություն է՝ միջպետական հարաբերությունները փչացնելու հատուկ քայլեր են արվում․ Կիսելյովը՝ «Սպուտնիկ Ադրբեջան»-ի աշխատակիցների ձերբակալման մասին

«Ոչ մի օգուտ չկա հակակարկտայինից»․ այգեգործը պետությունից նոր լուծումներ է ակնկալում