Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները: Անդրանիկ Քոչարյան

Ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք ներթափանցելու դեպքը պետք է համակողմանիորեն ուսումնասիրվի, քննությունը պետք է տա բոլոր հարցերի պատասխանները՝ լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ պատգամավոր, պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրության առարկա են հնարավոր բոլոր վարկածները՝ դիտավորությունից մինչև պատահականություն։
«Իմ փորձառությունն ինձ հուշում է, որ ցանկացած վարկած պետք է ամբողջ խորությամբ ուսումնասիրել։ Պետք է ամբողջական քննություն իրականացվի, որպեսզի բացառենք բոլոր վտանգավոր մտադրությունները, որոնք կարող է հակառակորդը ունեցած լինի»։
Նա ընդգծել է նաև սահմանապահ զորքերի ձևավորման անհրաժեշտությունը՝ նշելով, որ այդ համակարգը միանգամից չի կարող ամբողջությամբ կայանալ։ Խոսքը, ըստ նրա, միայն զինված անձնակազմի մասին չէ, այլ նաև տեխնիկական և մշտադիտարկման համակարգերի։
Լրագրողների հարցին՝ հնարավո՞ր է արդյոք ադրբեջանցի զինծառայողին հետագայում հանձնել Ադրբեջանին, Քոչարյանը նշել է, որ այս հարցի վերաբերյալ պետք է առաջնորդվել հարուցված քրեական գործի ընթացքով և իրավական գործընթացներով։
Միաժամանակ նա հիշեցրել է, որ նախկինում եղել են ադրբեջանցի զինծառայողների փոխանակման դեպքեր։
Անդրանիկ Քոչարյանը, սակայն, ընդգծել է, որ այս փուլում անհրաժեշտ է նախ ստանալ քննության արդյունքները և հասկանալ՝ որտեղ է տեղի ունեցել անվտանգության համակարգի թերացումը, ինչու է հնարավոր դարձել զինված ադրբեջանցի զինծառայողի ներթափանցումը Հայաստանի տարածք, և ինչ միջոցներ պետք է ձեռնարկվեն նման դեպքերը հետագայում բացառելու համար։

Related posts

Ռուբեն Ռուբինյանն անջատեց Էդգար Ղազարյանի խոսափողը և հորդորեց լքել ամբիոնը. իրավիճակը ԱԺ-ում լարվեց

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովին

Ազգային ժողովի նիստ . ՈՒՂԻՂ