Ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող բնակիչների ուղղությամբ

Ապրիլի 7-ին, առավոտյան՝ 09:40-ի սահմաններում, Ադրբեջանի կողմից օկուպացված Սարգսաշեն գյուղի տարածքից, ադրբեջանցիները կրակել են Սարուշեն գյուղի դաշտերում գյուղատնտեսական աշխատանքներ կատարող Սարուշեն համայնքի բնակիչներ՝ 65-ամյա Շիրին Ադամի Սարգսյանի և 36-ամյա Վիտալի Ալյոշայի Հարությունյանի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳ նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
Ադրբեջանական կողմը կիրառել է գնդացիր, ինչի հետևանքով ջարդվել է Վ.Հարությունյանին պատկանող տրակտորի ձախ կողմի ապակին:
ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի հետաքննիչները Շ.Սարգսյանից և Վ.Հարությունյանից բացատրություն են վերցրել, լուսանկարել տեղանքը և տրակտորը, պատրաստել համապատասխան նյութեր, կազմել արձանագրություն՝ ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը ներկայացնելու համար:
Բացի այդ, ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի հրամանով, Շոշ-Սարուշեն-Կարմիր Շուկա ներպետական մայրուղում տեղակայված ոստիկանական հենակետերում ծառայությունը կշարունակվի ուժեղացված ռեժիմով: Շուրջօրյա դիտարկումներ կատարելու նպատակով, ըստ անհրաժեշտության կավելացվեն հենակետերը:
Նշենք, որ նշված ճանապարհահատվածում սա հայերի ու ադրբեջանցիների միջև գրանցված 2-րդ միջադեպն է:

Related posts

Փրկարարներն իրականացնում են քամու հետևանքով տապալված և կոտրված ծառերի մասնատման, հեռացման աշխատանքներ

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում