Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի հավատարմատարին կանչել են ԱԳՆ

Ադրբեջանում Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատար Ժուլիեն Լը Լանը կանչվել է ԱԳՆ, որտեղ նրան բողոքի նոտա են հանձնել՝ 2022 թվականի նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի Սենատում Ադրբեջանի դեմ ընդունված բանաձևի կապակցությամբ։

Հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմն ընդգծել է, որ «բանաձևը հեռու է իրականությունից, լի է ստերով ու զրպարտություններով, և Բաքուն այն կտրականապես մերժում է»:

Ադրբեջանի ԱԳՆ-ն բանաձևը որակել է սադրիչ և նշել, թե «Ֆրանսիան, որը հայտարարում է, թե ցանկանում է նպաստել խաղաղ գործընթացին, ևս մեկ անգամ բացահայտ ցուցադրեց իր հայանպաստ, կողմնակալ և միակողմանի դիրքորոշումը»։

Ադրբեջանի Միլլի մեջլիսն էլ, ի պատասխան Ֆրանսիայի Սենատի հակաադրբեջանական բանաձևի, չորեքշաբթի ընդունել է իր բանաձևը, որում կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը վերանայել քաղաքական և տնտեսական հարաբերությունները Ֆրանսիայի հետ:

Ընդունված հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ քանի դեռ Ֆրանսիայի կառավարությունը չի տվել անհրաժեշտ երաշխիքներ, Փարիզը չպետք է մասնակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին առնչվող նախաձեռնություններին և գործողություններին, ինչպես նաև առաջարկվում է այս հարցերով քննարկում չանցկացնել ֆրանսիացի պաշտոնական անձանց հետ:

Related posts

Երևանում բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է սառը զենք կրելու կասկածանքով

Սանկտ Պետերբուրգում ավտոբուսը կամրջից ընկել է Մոյկա գետը

Ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջների հերթական խախտում. Անիի ոստիկանների բացահայտումը