Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ. Ալիևի նամակը Զելենսկուն

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վոլոդիմիր Զելենսկուն Ուկրաինայի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ: Նամակում ասվում է, որ Ադրբեջանին և Ուկրաինային կապում են բարեկամական հարաբերություններ, որոնք հարուստ ավանդույթներ ունեն։

«Ադրբեջանն ու Ուկրաինան փոխադարձ աջակցություն և համերաշխություն են ցուցաբերում տարածքային ամբողջականության և ինքնիշխանության հարցերում՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան: Մտադիր ենք հետագայում ևս գործադրել բոլոր ջանքերը Ուկրաինայի բարեկամ ժողովրդին անհրաժեշտ հումանիտար աջակցություն և օգնություն ցուցաբերելու համար»,- ասված է Ալիևի նամակում։

Նա վստահություն է հայտնել, որ կողմերը հաջողությամբ կշարունակեն համատեղ ջանքերը՝ ուղղված «ադրբեջանա-ուկրաինական բարեկամության և հուսալի գործընկերության ամրապնդմանը և համագործակցության ընդլայնմանը»:

Ավելի վաղ Ալիևը Բաքվում ընդունել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին: Ադրբեջանի նախագահը հայտարարել էր, որ Բաքուն ու Մոսկվան գործում են որպես դաշնակիցներ և բարեկամներ:

«Այսօր ընդունված փաստաթղթերը, ներառյալ՝ նախագահների համատեղ հայտարարությունը, ևս մեկ անգամ հաստատում են մեր հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը: 2022 թվականի փետրվարին ստորագրված Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթները հաջողությամբ իրականացվում են։ Մեր երկրները գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ, մերձավոր գործընկերներ ու հարևաններ»,- ընդգծել էր Ալիևը։

Related posts

ՀՀ տարածքը չի կարող օգտագործվել երրորդ պետությունների կողմից հարևան պետություններից որևէ մեկի դեմ ռազմական գործողություններ իրականացնելու համար. ԱԳՆ մամուլի խոսնակ

Փարիզում 100 տարվա մեջ առաջին անգամ թույլատրել են լողալ Սեն գետում

Խանջյան փողոցում ծառի ճյուղերը և նստարանը ընկել են քաղաքացու վրա. նա հոսպիտալացվել է բժշկական կենտրոն