Ադրբեջանը ձգձգում է մշակութային արժեքների վիճակը գնահատելու համար ՅՈՒՆԵՍԿՕ- ի առաքելության այցը ԼՂ

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Լեռնային Ղարաբաղում մշակութային արժեքների վիճակը գնահատող անկախ փորձագետների առաքելություն ուղարկելու համար սպասում է Ադրբեջանի պատասխանին, սակայն Ադրբեջանի իշխանություններին ուղղված խնդրանքները դեռևս հաջողությամբ չեն պսակվել: Սյս մասին տեղեկացավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարածած հայտարարությունից:

ՅՈՒՆԵՍԿՕ-ն հիշեցրել է մշակութային արժեքները պաշտպանելու պարտավորությունը՝ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թ կոնվենցիայի համաձայն, որին կողմ են և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: «Հետևաբար, Կազմակերպությունն առաջարկել է ոլորտում իրականացնել անկախ փորձագիտական առաքելություն `նշանակալի մշակութային արժեքների նախնական գույքագրում անելու` որպես տարածաշրջանի ժառանգության արդյունավետ պաշտպանության նախապայման»,-ասված է հայտարարությունում:

Այս առաջարկը ստացել է Մինսկի խմբի համանախագահների լիակատար աջակցությունը, ինչպես նաև սկզբունքային համաձայնություն՝ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից:

Հանդիպելով ՅՈՒՆԵՍԿՕ-ում, 2020 թ. դեկտեմբերի 10-ին և 11-ին, Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին Հաագայի 1954 թ. կոնվենցիայի միջկառավարական հանձնաժողովի անդամները ողջունել են այս նախաձեռնությունը և հաստատել առաքելության անհրաժեշտությունը՝ գնահատելու Լեռնային Ղարաբաղում և նրա շրջակայքում մշակութային արժեքների վիճակը: Կոմիտեն կողմերից յուրաքանչյուրին խնդրել է հավատարիմ մնալ առաքելության պայմաններին:

Նոյեմբերի 20-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջարկներ է ներկայացրել և խորը խորհրդակցություններ է անցկացրել ՝ այս առաքելությունն իրականացնելու նպատակով, որն ըստ կոնվենցիայի, պահանջում է երկու կողմերի համաձայնությունը:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնական Էռնեստո Օտտոնեն ասել է. «Դեռևս սպասվում է միայն Ադրբեջանի պատասխանը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն ուղարկի այդ տարածք: Մինչ այժմ Ադրբեջանի իշխանություններին դիմել ենք մի քանի անգամ, սակայն խնդրանքները հաջողությամբ չեն պսակվել: Յուրաքանչյուր անցնող շաբաթ ավելի է բարդացնում մշակութային արժեքների վիճակի գնահատումը, հատկապես առաջիկա շաբաթների ընթացքում սպասվող եղանակի պատճառով: Հրադադարի ռեժիմով բացված հնարավորությունների պատուհանը չպետք է կրկին փակվի: Ժառանգության պահպանումը տևական խաղաղություն հաստատելու կարևոր պայման է: Ուստի մենք ակնկալում ենք, որ Բաքուն կպատասխանի առանց հապաղելու, որպեսզի վերջին շաբաթների ընթացքում անցկացված կառուցողական քննարկումները վերածվեն գործողության »:

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել