ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու մասին ապատեղեկատվություն տարածող հրապարակումների վերաբերյալ

ՀՀ ազգային անվտանգության ծառայության նախկին աշխատակցի համապատասխան հայտարարության և վերջինիս հիման վրա մամուլի տարբեր հրապարակումների վերաբերյալ տեղեկացնում ենք հետևյալը.

www. facebook.com սոցիալական ցանցի անձնական էջում ՀՀ ԱԱԾ նախկին աշխատակից Գրիգորի Թավադյանի հայտարարության հիման վրա պատրաստված և նույն այդ հայտարարության մեջ նշված դրդապատճառներով ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելուն վերաբերող հրապարակումներն ու շահարկումներն իրականությանը չեն համապատասխանում:

Ավելին, անգամ հիշյալ հայտարարության հեղինակ-նախկին աշխատակցի ծառայողական պարտականությունները դադարեցվել են՝ հիմք ընդունելով նրա՝ նոյեմբերի 16-ին ներկայացրած զեկուցագիրը, որում նա բառացիորեն շարադրել է հետևյալը «Խնդրում եմ իմ դիմումի համաձայն, ինձ ազատ արձակել զինվորական ծառայությունից, այլ աշխատանքի անցնելու նպատակով»:

Կրկին հերքելով ՀՀ ԱԱԾ աշխատակիցների՝ համակարգը զանգվածաբար լքելու վերաբերյալ ստահոդ լուրերը՝ միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ այս պահն ընդամենը 5 աշխատակիցներ աշխատանքից ազատվել են սահմանված տարիքը լրանալու կապակցությամբ, 3 աշխատակիցներ՝ այլ աշխատանքի անցնելու հիմքով, ինչպես նաև դադարեցվել են Արցախի Հանրապետությունում տեղի ունեցած պատերազմական գործողություններում հավերժ հերոսացած գործընկերների ծառայողական պարտականությունները:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ զանգվածային լրատվության միջոցների մեր հարգարժան գործընկերներին խնդրում ենք զերծ մնալ չճշտված տեղեկություններ հրապարակելուց և վերջիններիս ներառմամբ տարաբնույթ մեկնաբանություններ կատարելուց:

Related posts

Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է

Կինը զանգահարել է ոստիկանի բջջային հեռախոսահամարին․ ՆԳՆ-ն՝ Շաքիում վիրավորում ստացած կնոջ մեղադրանքների մասին

Գլխավոր դատախազը «նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակել 2 դատախազի նկատմամբ