Քրեական ոստիկանության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները հերթական օպերատիվ տեղեկությունն իրացնելիս համագործակցել են Կոտայքի մարզի քրեական ոստիկանների հետ։
ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ օգոստոսի 27-ին՝ ժամը 13-ին, թմրամիջոց ձեռք բերելու և իրացնելու կասկածանքով Բյուրեղավանում ձերբակալվել է նույն քաղաքի բնակիչ 29-ամյա մի կին։
Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում դատարանի որոշմամբ օգոստոսի 29-ին խուզարկություն է կատարվել 29-ամյա կնոջ բնակարանում։
Հայտնաբերվել է կպչուն ժապավենով փաթեթավորված 38 փաթեթ՝ ընդհանուր 38 գրամ մեթամֆետամինի նմանվող բյուրեղանման զանգվածով, 52 գրամ նույն զանգվածով լցված տոպրակ և ընդհանուր 118 գրամ քաշով մարիխուանայի 57 փաթեթ։
29-ամյա կինը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։