Փորձ է արվում խուճապային տրամադրություններ ստեղծել Արցախում

2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել:

Այս մասին հայտնում են ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին:

Որքան էլ տարբեր ապրանքատեսակների մասով առկա է զգալի սղություն՝ պայմանավորված վեցամսյա շրջափակմամբ ու խիստ սահմանափակ բեռնափոխադրումներով, այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ հիշյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են: Արցախի Հանրապետության կառավարությունը տևական ժամանակ ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները բնակչության ընթացիկ կարիքները հոգալու և լրացուցիչ մարտահրավերների դիմակայելու նպատակով:

Կառավարության ուշադրության տիրույթում են ոչ միայն ժողովրդի առօրեական խնդիրները, այլև գործադիր իշխանության պատասխանատվության շրջանակներում գտնվող հնարավոր ապագա ռիսկերը: Հետևաբար, եթե կառավարությունն անցել է ունեցած միջոցների խնայողական օգտագործման, ապա դա չի նշանակում, որ միջոցներն ընդհանրապես չկան կամ եղած հնարավորությունների սահմաններում պետությունն անպատրաստ է: Իրականացված ջանքերի շնորհիվ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների (այդ թվում՝ ալյուրի) մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ:

Մյուս կողմից, այո՛, հյուծող շրջափակման ու խիստ սահմանափակ մատակարարումների պայմաններում հնարավոր չէ լրիվությամբ խուսափել լիակատար շրջափակման բացասական հետևանքներից, և կառավարությունը հնարավորինս անելու է Արցախի բնակչության վրա դրանց ազդեցությունը մեղմելու ուղղությամբ:

Քննադատության մոլուցքով տարված ու մեր հայրենակիցների նյարդերը չխնայող մարդիկ մոռանում են, որ իրենց հայտարարած մի քանի օրն անցնելու է, և հացի խնդիր չառաջանալու դեպքում ստիպված են լինելու այլ զեղծարարությունների դիմել»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում