Վճարային տերմինալներ հափշտակած անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Լոռու մարզում քննվող քրեական վարույթով պարզվել է, որ մի խումբ անձինք տարբեր բժշկական կենտրոններից հափշտակել են վճարային տերմինալներ՝ ընդհանուր ավելի քան 1 մլն 887 հազար դրամ գումար, իսկ հետախուզման մեջ գտնվող մեղադրյալներից մեկը հայտնաբերվել և կալանավորվել է։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

«ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մայիսի 19-ին Գ.Մ.-ն և Մ.Ա.-ն բժշկական կենտրոնում կեղծ ահազանգ են կատարել և շտապօգնության անձնակազմի մեկնելուց հետո մուտք են գործել տվյալ բժշկական կենտրոնի ընդունարան և հափշտակել վճարային տերմինալը:

Այնուհետև, վերջիններս տերմինալը տեղափոխել են ընկերության տարածքի ցանկապատից դուրս և տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրելու միջոցով հասանելիություն ստանալով տերմինալի դրամապանակին՝ հափշտակել են խոշոր չափի՝ ընդհանուր 1 մլն 439 հզր 900 ՀՀ դրամ գումարը և բաժանել միմյանց միջև:

Բացի այդ, Գ.Մ.-ն և Ա.Ն.-ն 2025 թվականի հունիսի 21-ին մեկ այլ բժշկական կենտրոնի հիվանդասենյակի պատուհանի բաց լինելու հանգամանքից օգտվելով, ապօրինի մուտք են գործել այնտեղ ու փոխլրացնելով միմյանց գործողությունները, վերցրել են վճարային տերմինալը և վազելով դուրս եկել հիվանդանոցից, որից հետո բժշկական կենտրոնի տարածքում տեխնիկական միջոցի գործադրմամբ վճարային տերմինալը վնասելով՝ հափշտակել են այնտեղ գտնվող 447 հզր 700 ՀՀ դրամ գումարը և դիմել փախուստի:

Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, զենքի գործադրմամբ ավազակություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Մ.-ի նկատմամբ հայտարարվել էր հետախուզում:

Նախաքննության ընթացքում Գ.Մ.-ն հայտնաբերվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (ավազակությունը), 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը), 253-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (կողոպուտը) և 254-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով (գողությունը):

Գ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին»,- ասվում է հաղորդագրությունում:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

 

Related posts

Բարձր ենք գնահատում ՄԹ շարունակական աջակցությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին. Նիկոլ Փաշինյան

Աշխարհի առաջատար համալսարանների հարգելի՛ շրջանավարտներ, բոլորիդ հրավիրում եմ ընդգրկվելու ՀՀ կառավարության կադրային բանկում․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ ընտրությունների քվեարկության վերջնական արդյունքները կհրապարակվեն հունիսի 14-ին․ ԿԸՀ