Վիճակը ծանր է, բայց պետք է միավորենք բոլոր ուժերը և պայքարելով նոր դռներ բացենք. Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը համաձայն է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ, որ Հայաստանը հայտնվել է ծանր իրավիճակում, սակայն նշում է, որ լուծումների հարցում իրենց մոտեցումները տարբեր են: Ռոբերտ Քոչարյանն այս մասին ասաց սեպտեմբերի 28-ին կայացած ասուլիսի ընթացքում: «Ես համաձայն եմ առաջին նախագահի հետ, որ չափազանց բարդ է, ուղղակի եզրակացություններն են տարբեր: Ինքը համարում է, որ այնքան բարդ է, որ պետք է նվազագույն չարիքն ընդունել, ես համարում եմ, որ այնքան բարդ է, որ պետք է միավորել բոլոր ուժերը և պայքարով նոր դռներ բացել»,- ասաց Քոչարյանը:

Նա նշեց՝ երբեք չի համարել, որ լինում են անհույս վիճակներ, քանի որ միայն պայքարողի համար է դուռ բացվում: «Այո, վիճակը ծանր է, այո, կան բազմաթիվ խնդիրներ, բայց դա չի նշանակում, որ պետք է այդ վիճակում ուղղակի հանձնվենք և ընդունենք այն պարտադրանքները, որոնք այսօր արվում են Հայաստանի նկատմամբ: Ես այդպիսի գնահատականը չեմ կիսում»,- մանրամասնեց ՀՀ երկրորդ նախագահը:

Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը հայտնվել է ծանր վիճակում, սպասվում են ցավոտ որոշումներ՝ ընդգծելով, որ պայմանագրեր պետք է կնքվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ: Առաջին նախագահը կարծիք էր հայտնել, որ ընդդիմությունն ու իշխանությունը պետք է երկխոսեն, որպեսզի առկա բոլոր հնարավոր լուծումներից ընտրեն ամենաքիչ ցավոտ լուծումը:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից