Վարչապետ Փաշինյանն այցելել է «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության գործարան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Գեղարքունիքի մարզի Գագարին բնակավայրում գործող «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» արհեստական բանականության (ԱԲ) գործարան, որը Հայաստանում և Հարավային Կովկասում NVIDIA Blackwell B300 տեխնոլոգիայով աշխատող առաջին ԱԲ գործարանն է:

Նիկոլ Փաշինյանը շրջել է գործարանում, ծանոթացել տվյալների կենտրոնի տեխնիկական հնարավորություններին, ընդլայնման ընթացիկ փուլին, ինչպես նաև առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ առաջին փուլի ներդրումային ծրագիրը կազմում է 150 մլն դոլար, որից շուրջ 70 մլն դոլարն արդեն իրականացվել է։

Ընդգծվել է, որ ենթակառուցվածքը նախատեսված է արհեստական բանականության մեծածավալ հաշվարկները սպասարկելու համար՝ սկսած ԱԲ մոդելների ուսուցումից մինչև բիզնես, գիտական և ինժեներական կիրառություններ։ Գործարանի առաջին փուլի հզորությունը 5 ՄՎտ է, որն ընդլայնման հաջորդ փուլում նախատեսվում է հասցնել 40 ՄՎտ-ի։ Գործարկումից ընդամենը մեկ ամիս անց առկա հզորությունն ամբողջությամբ ամրագրվել է՝ արտացոլելով Հայաստանից և միջազգային շուկաներից եկող պահանջարկը։

ՀՀ Կառավարության և ԱՄՆ Կառավարության և միջև 2025թ. օգոստոսի 8-ի ստորագրված արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրի շնորհիվ թույլտվություն է տրվել Nvidia Blackwell B300 տեսակի գրաֆիկական պրոցեսորների արտահանման:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և «ԷԼԵՎԵՅԹ ԷՅԱՅ» ընկերության միջև հունիսի 1-ին ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր՝ ուղղված ՀՀ-ում արհեստական բանականության էկոհամակարգի զարգացմանը, նորարարության խթանմանը, կարողությունների ձևավորմանը և կիրառական ծրագրերի աջակցությանը։

Այցի շրջանակում քննարկվել են նաև Հայաստանում ԱԲ ենթակառուցվածքի զարգացման հեռանկարները։

Related posts

Դեսպան Մկրտչյանն ու Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը հյուրընկալել են ԱՄՆ Արևմտյան թեմերի առաջնորդներին

Սեուտայից Մարոկկո է վերադարձել 70 հազար ապօրինի ներգաղթյալ

Պետությունը Լոռի բերդ համայնքին է տրամադրել 8 միավոր տեխնիկա. Դավիթ Խուդաթյան