Վարչապետի մոտ քննարկվել են քաղաքաշինության ոլորտի խոշորամասշտաբ ներդրումային ծրագրերի առաջարկներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Էկոնոմիկայի նախարարության «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ:

Քննարկվել են ՆԱԿ կողմից ուղեկցվող մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկները և դրանց իրականացման հետ կապված խնդիրները: Նիստին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների և ներդրումային ծրագրերի հեղինակ ընկերությունների ներկայացուցիչները:

Ներկայացված ծրագրերը խոշորամասշտաբ էին և վերաբերում էին քաղաքաշինության ոլորտին. մեկով առաջարկվում է Երևանում կառուցել առևտրի կենտրոն և բնակելի թաղամաս, մյուսով՝ երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր և այլն:

Ներդրումային նախագծերի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, պարզաբանումներով և դիտարկումներով են հանդես եկել թե՛ շահագրգիռ գերատեսչությունների, թե՛ ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչները: Քննարկվել են ծրագրերի իրագործելիությանը և նպատակահարմարությանը, ենթակառուցվածքային, քաղաքաշինական, տնտեսական և այլ բաղադրիչներին վերաբերող հարցեր:

Վարչապետը նշել է, որ ներդրումների ներգրավումն ու խթանումը կառավարության առաջնահերթություններից է, միևնույն ժամանակ դրանք պետք է իրականացվեն ճարտարապետական և քաղաքաշինական նորմերի պահպանմամբ: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատասխանատուներին՝ սեղմ ժամկետում ամփոփել նախագծերի իրագործմանը վերաբերող հարցադրումները, շարունակական աշխատել ներդրողների հետ՝ ծրագրերը հնարավորինս փոխադարձ ընդունելի դարձնելու ուղղությամբ:

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից