Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Զբաղվածության ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Զբաղվածության 2025-2031 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը:

Նշվել է, որ նախորդ խորհրդակցության արդյունքում վարչապետի հանձնարարականի հիման վրա նախագիծը մի քանի անգամ լրամշակվել և լավարկվել է և՛ խորհրդարանի, և՛ գործադիր մարմնի կազմակերպած աշխատանքային քննարկումների ժամանակ: Անդրադարձ է կատարվել ռազմավարության մարտահրավերներին, սկզբունքներին, տեսլականին ու ակնկալվող արդյունքներին:

Նշվել է, որ առկա մարտահրավերները վերաբերում են խնամառության բարձր գործակցին, Երևանում տնտեսական ակտիվության կենտրոնացվածությանը և այլն: Ներկայացվել է, որ ռազմավարության հիմնական սկզբունքներն են՝ հասցեագրել աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի համապատասխանությունը, զբաղվածության և արտադրողականության զուգահեռ աճը, արտահանման խթանումը, օտարերկրյա ուղղակի ներդրումների աճը, հանրության մեջ աշխատանքի նկատմամբ ունեցած ընկալման փոփոխությունը: Անդրադառնալով ռազմավարության տեսլականին, նշվել է, որ այն միտված է ապահովելու զբաղվածության աճ՝ մրցունակ և զբաղունակ աշխատուժի ձևավորման և բարձր արտադրողականությամբ աշխատանքային հնարավորությունների ընդլայնման միջոցով:

Ինչ վերաբերում է գործողությունների ծրագրին, ապա պատասխանատուների ներկայացմամբ այն միտված կլինի ապահովել տարբեր ռազմավարական մակարդակների միջև կապը, ինչպես նաև արդյունքների շարունակական մշտադիտարկման և գնահատման արդյունավետությունը: Ակնկալվող արդյունքների մասով անդրադարձ է կատարվել մինչև 2031 թվականն աշխատանքային ռեսուրսի աճին, զբաղվածության կառուցվածքի փոփոխությանը, մարզային քաղաքներում զբաղվածության աճին և այլն:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկությունները ռազմավարության առանձին կետերի շուրջ, որոնք վերաբերել են ֆորմալ և ոչ ֆորմալ զբաղվածությանը, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը, կրթության և աշխատատեղի կապին և այլն:

Այս համատեքստում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է տարբեր ուղղություններով ռազմավարությունների համադրումը և պատասխանատուներին հանձնարարել՝ քննարկման արդյունքներով վերջնական տեսքի բերել ռազմավարության նախագիծը և ներկայացնել Կառավարության հաստատմանը:

Related posts

Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը

Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան

Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Փաշինյան