Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Ոստիկանության համակարգի բարեփոխումների ընթացքը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Ոստիկանության բարեփոխումների խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունն ու դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ընթացքը:

Ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը զեկուցել է, որ բարեփոխումների նպատակն է՝ Ներքին գործերի նախարարության և պարեկային ծառայության հիմնմամբ ստեղծել ժամանակակից մարտահրավերներին դիմակայող ոստիկանություն: Փոխոստիկանապետի համոզմամբ՝ իրականացվող բարեփոխումների արդյունքում ապահովվելու է ոստիկանության համակարգի թափանցիկությունն ու հանրային հաշվետվողականության բարձրացումը: Նշվել է, որ արդեն իսկ ընթացքի մեջ են օպերատիվ կառավարման համակարգի արդիականացմանը, ինչպես նաև վերը նշված աշխատանքների ապահովման ուղղությամբ օրենսդրական նախագծերի մշակման ու փոփոխությունների իրականացման աշխատանքները:

Տեղեկացվել է, որ ընթացիկ տարում Երևանում ձևավորվելիք պարեկային ծառայությունը գործելու է օրական 3 հերթափոխով՝ 8-ժամյա ռեժիմով: Պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու նպատակով դիմել են 2500 քաղաքացիներ, նրանց մի մասը՝ ոստիկանության համակարգից: Մրցույթի արդյունքում ընտրված 700-ից ավելի դիմորդներն այժմ անցնում են ուսումնական գործընթաց: Պարեկային ծառայությունը համալրվելու է նոր, ժամանակակից ավտոմեքենաներով՝ անհրաժեշտ տեխնիկական միջոցներով, ծառայողներն ունենալու են նոր հանդերձանք ու համազգեստ: Զեկուցվել է, որ օպերատիվ կառավարման կենտրոնի էլեկտրոնային կառավարման տեղեկատվական կենտրոնի գործունեության արդյունքում ևս կբարձրանա պարեկային ծառայության գործունեության արդյունավետությունը, ինչը կնպաստի նաև վերահսկողության բարձրացմանն ու աշխատանքներն առավել համակարգված իրականացնելուն:

Հաջորդիվ քննարկվել են Շիրակի և Լոռու մարզերում պարեկային ծառայության ձևավորման ուղղությամբ աշխատանքների կազմակերպմանը վերաբերող հարցեր: Այս առումով սահմանվել է կոնկրետ ժամանակացույց:

Օրակարգի հաջորդ հարցով քննարկվել է Ներքին գործերի նախարարության ձևավորման աշխատանքների ընթացքը: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ արդեն իսկ պատրաստ են անհրաժեշտ իրավական ակտերի նախագծերը, որոնք անցել են հանրային քննարկման փուլ: Առաջիկայում նախատեսվում է նախարարության ձևավորման համար անհրաժեշտ օրենսդրական փաթեթը ներկայացնել կառավարության քննարկմանն ու հաստատմանը: Նախարարի խոսքով՝ ՆԳՆ-ի ձևավորման նպատակն է ոստիկանության գործունեության նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բարձրացումն ու որպես խորհրդարանական կառավարմամբ պետություն՝ Ազգային ժողովի առաջ հաշվետվողականության ապահովումը: Նոր նախարարության հիմնմամբ իրականացվելու է նաև ոստիկանության և քաղաքացիական լիազորությունների տարբերակում. ոստիկանությունն զբաղվելու է բուն հանցավորությամբ դեմ պայքարի գործառույթներով, իսկ քաղաքացիական ծառայությունները կկենտրոնացվեն նախարարության կազմում: Վերջինս նաև կլինի այն մարմինը, որ կապահովի ոստիկանության համակարգում բարեփոխումների շարունակականությունը:

Ներկայացված օրակարգային հարցերի շուրջ տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն, հնչել են տարբեր առաջարկություններ ու դիտարկումներ:

Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը հանձնարարել է հաշվի առնելով այսօրվա քննարկման արդյունքները՝ վերը նշված միջոցառումներում իրականացնել անհրաժեշտ լրամշակում և ապահովել դրանց իրականացումը սահմանված ժամկետներում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում