Վարչապետը և Չինաստանի դեսպանը կարևորել են ուղիղ ավիաչվերթերի ավելացումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին:

Վարչապետը շնորհավորել է վերջինիս դեսպանի պաշտոնը ստանձնելու առիթով և մաղթել հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի և Չինաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման ու ընդլայնման: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ Լի Սինվեյի պաշտոնավարման ընթացքում երկկողմ հարաբերություններում կգրանցվեն կոնկրետ արդյունքներ:

Դեսպանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և ընդգծել, որ կներդնի բոլոր ջանքերը՝ երկկողմ փոխգործակցությանը նոր ազդակ հաղորդելու և առևտրատնտեսական, մշակութային կապերը զարգացնելու համար:

Զրուցակիցները կարևորել են տնտեսության, զբոսաշրջության ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացումը, այդ թվում՝ ուղիղ ավիաչվերթերի թվի ավելացումը: Անդրադարձ է կատարվել բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպմանը, միջազգային կազմակերպությունների շրջանակում համագործակցությանը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծի և դրա սկզբունքների շուրջ:

Related posts

Թբիլիսիի կենտրոնում խոշոր հրդեհ է բռնկվել. այրվում է հետիոտնային կամուրջը

Ապօրինի ընդերքօգտագործում մարզերում, 146 մլն դրամի վնաս․ ԲԸՏՄ-ն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե

Ոստիկանները կանեփ աճեցնելու և թմրամիջոց պատրաստելու դեպքեր են բացահայտել