Վարչապետը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են երկկողմ կապերի զարգացման օրակարգը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Հայաստանում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է ՀՀ-ում:

Ողջունելով դիվանագետին՝ վարչապետը նշել է. «Երևանում Նիդերլանդների դեսպանության բացումը և ռեզիդենտ դեսպանի նշանակումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման նոր հնարավորություններ է բացում: Սա կնպաստի ոչ միայն երկկողմ, այլև բազմակողմ ձևաչափով կապերի ընդլայնմանը՝ նաև Եվրոպական միության շրջանակում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը: Վարչապետը բարձր է գնահատել մեր տարածաշրջանի նկատմամբ Նիդերլանդների կառուցողական և անկողմնակալ դիրքորոշումը, ինչպես նաև Նիդերլանդների աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին: Անդրադառնալով արցախյան պատերազմից հետո ստեղծված իրավիճակին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ հայկական կողմի համար կարևորագույն առաջնահերթություն է ռազմագերիների վերադարձը, որի ուղղությամբ ինտենսիվ աշխատանքը շարունակվում է:

Վարչապետը ջերմ ողջույններ է խնդրել փոխանցել Նիդերլանդների վարչապետ Մարկ Ռյութեին և ափսոսանք հայտնել, որ իր՝ նախորդ տարի ծրագրված այցը հետաձգվեց կորոնավիրուսի համավարակի պատճառով:

Իր հերթին, Նիկոլաս Սխերմերսը պատիվ է համարել Հայաստանում դիվանագիտական առաքելությունը և վստահեցրել, որ կներդնի առավելագույն ջանքերը հայ-նիդերլանդական կապերը սերտացնելու ուղղությամբ: Նրա խոսքով՝ Հայաստանում Նիդերլանդների դեսպանության բացման նպատակը տարածաշրջանում հավասարակշված դիվանագիտական ներկայության ապահովումն է, և դա հնարավորություն կտա տարբեր նախաձեռնություններով աջակցել Հայաստանի ժողովրդավարական ու տնտեսական զարգացմանը, օրենքի գերակայության ամրապնդմանը: Կարևորելով բարձր մակարդակի երկկողմ փոխայցերը՝ դեսպանը հույս է հայտնել, որ առաջիկայում հնարավոր կլինի կազմակերպել վարչապետ Փաշինյանի այցը Նիդերլանդների Թագավորություն, որը հետաձգվել էր կորոնավիրուսային իրավիճակի պատճառով:

Ն. Սխերմերսը ցավակցություն է հայտնել վարչապետին Արցախում պատերազմական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական անձանց զոհվելու կապակցությամբ և շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորներին:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Նիդերլանդների միջև տնտեսական կապերի զարգացման հարցեր: Երկուստեք հեռանկարային է համարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, զբոսաշրջության, հումանիտար ոլորտներում համագործակցությունը:

Վարչապետը նշել է, որ Կառավարության տեսլականը գիտելիքի և տեխնոլոգիաների վրա հիմնված տնտեսություն ունենալն է, և առաջարկել դեսպանին՝ նիդերլանդական ընկերությունների ուշադրությունը հրավիրել այս ուղղություններով ներդրումների հեռանկարին: Նիկոլ Փաշինյանը նաև խոսել է տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման արդյունքում ստեղծվող հնարավորությունների մասին:

Ն. Սխերմերսը պատրաստակամություն է հայտնել նիդերլանդական ըկերություններին տեղեկացնել Հայաստանի ներդրումային հնարավորությունների մասին և ակտիվ աշխատել փոխգործակցության խթանման ուղղությամբ: Նա նաև բարձր է գնահատել հոլանդահայ համայնքի դերակատարումը երկրի հանրային կյանքի տարբեր ոլորտներում:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում