Վարչապետը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է հայ-ռուսական փոխգործակցության օրակարգը և իրավիճակն Արցախում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 3-ին ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ՝ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին:

Ինչպես հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջույնի խոսքում վարչապետ Փաշինյանը շնորհավորել է ՌԴ փոխվարչապետին Ամանորի կապակցությամբ և կարևորել նրա այցը  հայ-ռուսական փոխգործակցության, Արցախում իրավիճակը քննարկելու համատեքստում:

ՀՀ վարչապետը ևս մեկ անգամ ընդգծել է այն մեծ դերը, որ Ռուսաստանի Դաշնությունն ունեցել է Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և հրադադարի հաստատման գործում և նշել, որ ԼՂ-ում ռուս խաղաղապահ զորակազմի ներկայությունը անվտանգության ապահովման կարևոր գործոն է ու երաշխիք: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի անձնական ջանքերը և Ռուսաստանի կառուցողական դերակատարումը Արցախում իրավիճակի կայունացման ուղղությամբ:

Ռուսաստանի փոխվարչապետը ևս շնորհավորել է ՀՀ վարչապետին տոների  կապակցությամբ և փոխանցել ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի ջերմ ողջույնները: Նա նշել է, որ Ռուսաստանը վերահաստատում է իր աջակցությունը բարեկամ հայ ժողովրդին այս բարդ  ժամանակահատվածում և շահագրգռված է շարունակելու հայ-ռուսական ռազմավարական համագործակցության զարգացմանը միտված ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը և Ալեքսեյ Օվերչուկը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակին, Արցախին ցուցաբերվող հումանիտար աջակցությանը, պատերազմի հետևանքով դիերի և գերիների փոխանակման  աշխատանքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև հայ-ռուսական հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Ընդգծվել է գերիների փոխանակման ուղղությամբ աշխատանքների հետևողականության կարևորությունը:

ՀՀ վարչապետը և ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են Հայաստանի և Ռուսաստանի միջև տարբեր բնագավառներում, այդ թվում` տնտեսական, էներգետիկ, տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման, կորոնավիրուսի դեմ պայքարի ուղղությամբ փոխգործակցությանը:

 

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից