Վարչապետը ներկայացրեց սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պատճառը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատումը հյուսիսային հատվածից շարունակելու պայմանավորվածության պատճառը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ–կառավարություն հարցուպատասխանին անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի դիտարկմանը, որ տրամաբանական կլիներ սահմանազատումը սկսել հարավից՝ վարչապետն ասաց՝ չի կարող ասել, թե պատգամավորի նշած որևէ տարբերակ վատն է:

«Բայց Հայաստանի Հանրապետության պետական սահմանի այնպիսի հատված չկա, որ մենք ասենք՝ չենք սահմանազատում, մեզ սահմանի ուրիշի հատված է պետք»,–նշեց նա:

Անդրադառնալով հյուսիսային մասից սահմանազատումը շարունակելու պայմանավորվածությանը՝ նա ասաց. «Այդ հատվածում մենք արդեն ունենք մի քանի հատվածական սահմանազատում: Կիրանցի հատվածի մի հատվածն է սահմանազատված: Ունենք սահմանազատված կտորներ, որոնք անվտանգության երաշխիք են: Մենք ուզում ենք այդ կտորները դարձնել մոնոլիտ, ամբողջական, որ հատվածական չլինի»:

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովները հունվարի 16–ին կայացած հանդիպման ընթացքում համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: 

 

Related posts

ՏԻՄ ընտրությունների մասնակից բոլոր այն թեկնածուներին, կամ ընտրողներին, ովքեր ասում են, որ ենթարկվել են ապօրինի ճնշումների, կոչ եմ անում դիմել ուղիղ ինձ. վարչապետ

Երիտասարդների ձայնը՝ Սևանա լճի ապագայի համար COP17-ում

ՀՖՖ 29 անդամ արտահերթ ժողով հրավիրելու առաջարկ է ներկայացրել