Վահագն Խաչատուրյանը պարգևատրել է հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Օքսֆորդի համալսարանի հայագիտության պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և Բոլոնիայի համալսարանի հայագիտության դոցենտ Աննա Սիրինյանին։ Նրանց ուղեկցել են Մատենադարանի տնօրեն Արա Խզմալյանը և կառույցի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։

Ողջունելով հյուրերին՝ նախագահը բարձր է գնահատել պրոֆեսոր Վան Լինտի և դոցենտ Սիրինյանի երկարամյա գործունեությունն ու հայագիտության զարգացմանն ուղղված արժեքավոր ներդրումը։

«Գնահատելի է այն աշխատանքը, որ դուք կատարել եք տարիների ընթացքում։ Ձեր գիտական գործունեությամբ աշխարհին եք ներկայացրել հայոց լեզուն, հայ գրականությունը, մշակույթն ու պատմությունը։ Ձեր աշխատանքը մեզ համար ևս մեծ կարևորություն ունի, և հորդորում եմ շարունակել այդ նվիրական գործը»,- նշել է նախագահ Վահագն Խաչատուրյանը:

Նախագահը նշել է, որ Հայաստանն այսօր հայագիտությանը և առհասարակ՝ գիտությանը, առանձնահատուկ ուշադրություն է դարձնում: Նրա խոսքով՝ վերլուծելով վերջին հինգ տարիների պետական քաղաքականությունն ու առաջիկա հնգամյա ծրագրերը՝ հստակ նկատելի է, որ հիմնական շեշտադրումները դրվում են կրթության և գիտության վրա։

Խոսելով տեխնոլոգիական առաջընթացի և արհեստական բանականության դարաշրջանի մասին՝ նախագահ Խաչատուրյանը ընդգծել է, որ բարձր տեխնոլոգիական երկիր դառնալու ձգտման պայմաններում կրթության և գիտության դերը միայն աճում է։ Այդ համատեքստում նա նաև կարևորել է հայագիտությունը՝ որպես ազգային ինքնության պահպանման և միջազգային գիտական համագործակցության խորացման հիմնաքար։

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության և բարձր գնահատանքի համար՝ դոցենտ Աննա Սիրինյանը նշել է, որ նախագահի քաջալերող խոսքերը մեծապես ոգեշնչում են իրեն։ Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ անհրաժեշտ է առավել ակտիվորեն աշխատել և համատեղել ջանքերը՝ ավելի մեծ արդյունքներ ունենալու համար։

Հանդիպման ավարտին նախագահ Վահագն Խաչատուրյանը պրոֆեսոր Թեո Մաարտեն վան Լինտին և դոցենտ Աննա Սիրինյանին պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով՝ հայագիտության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արգասաբեր գործունեության համար։ Նախագահը նրանց ջերմորեն շնորհավորել և հաջողություն է մաղթել հետագա գիտական գործունեության մեջ։

Related posts

Մոսկվայի կենտրոնում երեք օրով կսահմանափակվի բջջային ինտերնետի հասանելիությունը՝ գագաթնաժողովների պատճառով

Բացահայտվել են կեղծ, շուկայականից էականորեն ցածր գներով օղիների ստվերային շրջանառման դեպքեր

Դատախազությունը Աչաջրի գյուղապետարանի վարչական շենքի մարզադահլիճը համայնքին վերադարձնելու նպատակով պետշահերի հայց է ներկայացրել դատարան