Սպասում ենք պատասխանի. ՌԴ ԱԳՆ-ն՝ «Սուրմալու»-ում պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին մեղադրանքների առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ին փոխանցված նոտայի մասին

ՀՀ-ում ՌԴ դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև կառուցողական զրույց է տեղի ունեցել, ինչի մասին ամենշաբաթյա ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի վարչության փոխտնօրեն Իվան Նեչաևը՝ պատասխանելով NEWS.ru-ի հարցին։

Նրա խոսքով՝ Մոսկվան ակնկալում է, որ Երևանը կպատասխանի ՌԴ դեսպանատան նոտային, որը հղվել է այն բանից հետո, երբ տեղական տեղեկատվական տարածքում սկսել են շրջանառվել լուրեր առ այն, որ ռուսական կառույցները ներգրավված են եղել այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը։

«Մենք պատրաստ ենք հաստատել նոտայի ուղարկումը Հայաստանի ԱԳՆ։ Որպես հաջորդիվ՝ այսօր կառուցողական զրույց է տեղի ունեցել Ռուսաստանի գործերի ժամանակավոր հավատարմատարի և ՀՀ ԱԳՆ ղեկավարության միջև։ Մենք սպասում ենք պատասխանի»,- ասել է Նեչաևը։

Հիշեցնենք, որ երեկ ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը նոտա է հղել ՀՀ ԱԳՆ-ին՝ օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պայթյունի համատեքստում մամուլում ռուսական կառույցների հասցեին հնչած մեղադրանքների առնչությամբ:

«Վրդովված ենք տեղական տեղեկատվական տարածքում շրջանառվող ցինիկ նյութերից, որոնք հայհոյախառն ու կեղծ մեղադրանքներ են պարունակում ռուսական կառույցների հասցեին՝ այս տարվա օգոստոսի 14-ի «Սուրմալու» առևտրի կենտրոնի տարածքում տեղի ունեցած ողբերգությանը ներգրավվածության համար։

Մենք սա համարում ենք ուղղակի սադրանք այն քաղաքական ուժերի կողմից, որոնք կանգնած են նման ակնարկների հետևում, որոնց նպատակն է խաթարել ռուս-հայկական դաշնակցային հարաբերությունները։ Մենք Հայաստանի իշխանություններից ակնկալում ենք քայլեր՝ ուղղված նման անբարյացակամ դրսևորումները ճնշելուն, ներառյալ անհրաժեշտ հանրային մեկնաբանությունները։

Համապատասխան նոտան դեսպանատան կողմից ուղարկվել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն։

Նշենք, որ ռուսական կողմը՝ ի դեմս Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոնի, առաջին իսկ րոպեներից ներգրավվել է ողբերգության հետևանքների վերացման աշխատանքներին», – ասվում էր ՌԴ դեսպանատան ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Related posts

Մի խումբ աղջիկներ ծեծի են ենթարկել մեկ այլ աղջկա․ նրանք ներկայացվել են ՔԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ադիս Աբեբայում Եթովպիայի առաջին տիկին Զինաշ Տայաչյուն հյուրընկալել է Աննա Հակոբյանին

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն