Սուրբ Էջմիածինը Կովկասի մահմեդականների վարչության նախագահին կոչ է անում տեսանելի քայլեր գործադրել հումանիտար խնդիրների լուծման ուղղությամբ

Հոկտեմբերի 20-ին Թյուրքական պետությունների կազմակերպության կրոնական առաջնորդների երրորդ հանդիպմանը Բաքվում, որը շարունակվել է գրավյալ Շուշիում, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի կողմից հերթական անգամ հնչեցվել են հերյուրական ու նենգափոխիչ հայտարություններ և դատողություններ ղարաբաղյան հակամարտության խնդրի, էթնիկ զտումների, թյուրք-իսլամական մշակութային-հոգևոր ժառանգության ոչնչացման, սրբավայրերի յուրացման, ադրբեջանական խաղաղասիրության և հայկական ռևանշիզմի վերաբերյալ, որոնց առնչությամբ հայկական կողմի պետական և հոգևոր պատկան կառույցների կողմից բազմիցս տրվել և այսօր էլ շարունակաբար տրվում են պատասխաններ և լուսաբանություններ։ Այս մասին ասվում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի հայտարարության մեջ:

Նշվում է՝ Ադրբեջանի հոգևոր առաջնորդը չի խորշել անգամ Հայոց Եկեղեցուն մեղադրանքներ հասցեագրել և կեղծ վերագրումների համատեքստում կոչ հղել Սուրբ Էջմիածնին և ցուցումներ՝ մեր «ժողովրդին ոչ թե նոր արհավիրքներ, այլ փրկություն» բերող քայլերի առաջնորդելու։

«Տարօրինակ է, որ 2020 թվականին Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի սանձնազերծած պատերազմից և իրագործած անմարդկային դաժանություններից հետո Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեի հրահրիչ խոսույթը բնավ չի փոխվել։

Ժողովուրդների խաղաղ գոյակցությունը իբրև թե կարևորող Կովկասի մահմեդականների վարչության նախագահը, հակառակ հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպումներում որդեգրված ուղերձների ոգուն, նույն ժամանակ լուռ է Ադրբեջանի շարունակվող ագրեսիայի, ռազմատենչության և հայատյացության, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, սահմաններին ամենօրյա սադրանքների, խաղաղ բնակավայրերը գնդակոծելու, հայ ռազմագերիներին անօրինաբար պահելու և խոշտանգելու, դաժանորեն կյանքից զրկելու, զոհվածների մարմինները խեղելու և պղծելու, Արցախի մեր ժողովրդի ազատ ու անկախ կյանքի իրավունքը ոտնահարելու, հայկական պատմամշակութային և հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու և յուրացնելու փաստերի առնչությամբ, որոնք հստակ և հիմնավոր փաստագրված են նաև միջազգային հանրության և կառույցների կողմից։

Թվարկված հարցերը կարոտ են շուտափույթ լուծումների, իսկ հումանիտար խնդիրները առավել ևս կարիքն ունեն Ադրբեջանի հոգևոր առաջնորդի ուշադրության և միջնորդական ջանքերի։

Սուրբ Էջմիածնի կոչն է Կովկասի մահմեդականների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ հավատարիմ հոգևոր իր կոչմանն ու առաքելությանը, տեսանելի քայլեր գործադրել այս ուղղությամբ՝ թոթափելու վշտացյալ հոգիներից ցավն ու տրտմությունը։

Թող Բարձրյալը օրհնի տարածաշրջանի ժողովուրդների կյանքը երկնապարգև խաղաղությամբ, ողորմությամբ և առատ շնորհներով»,- ասված է Մայր Աթոռի հայտարարության մեջ:

Related posts

Նախնական պայմանավորվածություն կա ադրբեջանական կողմի հետ անհայտ կորածների համատեղ որոնողական աշխատանքների իրականացման շուրջ. ԱԱԾ տնօրեն

Քրեակատարողական ծառայողները հանձնուքում առկա վերնազգեստի վրա հայտնաբերել են թմրանյութի նմանվող հետքեր

Հուլիսից Գերմանիայի վիզայի դիմումների ընդունման կարգը կփոխվի