Սահմանված քաշից ավելին թույլատրելը նշանակում է վնասել ճանապարհները. ՏԿԵ նախարարի խոսնակը՝ բեռնատարների կշռման մասին

Սիսիան-Մեղրի ճանապարհի երթևեկելի գոտիներից մեկը բեռնատարների վարորդները փակել են: Դժգոհ են բեռնատարները պարտադիր կշռման գործընթացից: Այս հարցով օրեր առաջ նրանք Սյունիքում հանդիպել են Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հետ, այնուհետև նախարարության ներկայացուցիչների, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ներկայացուցիչների հետ հանդիպում է անցկացվել Երևանում՝ «Լուրեր»-ին փոխանցել է նախարարության մամուլի խոսնակը:

Սոնա Հարությունյանի խոսքով՝ վարորդները խնդրել են բեռների սահմանված առավելագույն քաշը 26 տոննայից դարձնել 28: Նշենք, որ գերբեռնված բեռնատարները տուգանվում են 200 հազար դրամի չափով:

Սոնա Հարությունյան – Ե՛վ նախարարության, և՛ տեսչական մարմնի աշխատողները հիմնավորել են, որ սահմանված նորմերը, քաշը, կշռման կարգը դրանք սահմանված կարգեր են, միջազգային չափանիշներին, ստանդարտներին համապատասխանում են, և դրանից ավելին թույլատրելը նշանակում է վնասել ճանապարհները:

Մենք խնդրին տեղյակ ենք, բայց այս պահի դրությամբ շարունակում է մնալ այս վիճակում: Էնտեղ աշխատում է տեսչական մարմնի թիմը: Այն մեքենաները, որոնց քաշը համապատասխանում է սահմանված նորմերին, թույլատրվում է անցնել, կարող են ազատ ճանապարհ անցնել: Բայց վերջին շրջանում տեսչական մարմնի գործունեությունը ցույց է տալիս, որ խոսքը 1-2 տոննա ավել բեռնված մեքենաների մասին չէ, երբեմն նույնիսկ կրկնակի բեռնված մեքենաներ, բեռնատարներ են հանդիպում, որոնք էական վնաս են պատճառում ճանապարհներին: Տաթև-Աղվանիի օրինակը վառ ապացույց է, թե ինչպես կարող են գերբեռնված մեքենաները մեկ տարում վնասել ճանապարհը:

Related posts

ՔՊ վարչության նիստում քննարկվել են կուսակցական, քաղաքական և հանրային կարևորություն ունեցող հարցեր

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Աննա Հակոբյանը բարձրագույն կրթությունը կշարունակի Չինաստանում, Մարինե Հակոբյանը կսովորի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական համալսարանում