Սադախլո-Բագրատաշեն անցակետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա, նոր կամուրջ կկառուցվի

Կայացել է Սադախլո – Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցման աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծված հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստը։

Առցանց ձևաչափով կայացած նիստի աշխատանքների արդյունքներով տրվել է «Բարեկամություն» անվամբ նոր կամրջի շինարարության մեկնարկը։

Նիստին հայկական կողմից մասնակցել են՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների‚ ՀՀ էկոնոմիկայի‚ ՀՀ արտաքին գործերի‚ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունների‚ ԱԱԾ-ի‚ Պետական եկամուտների կոմիտեի‚ Քաղաքաշինության կոմիտեի‚ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։

Հայ-վրացական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ‚ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը‚ ողջունելով նիստի մասնակիցներին‚ նշել է‚ որ Հայաստանը մեծապես կարևորում է ենթակառուցվածքների զարգացմանը միտված ծրագրերը, և Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի շինարարությունը ՀՀ Կառավարության առաջնահերթություններից է։ Այն նաև հանրության ուշադրության կենտրոնում է‚ և երկու երկրները պետք է անեն առավելագույնը՝ ծրագիրը հաջողությամբ իրականացնելու համար։ Տիկին Ղալեչյանը հատուկ նշել է կամրջի կառուցման ընթացքում որակի ապահովումն ու միջազգային չափանիշներին համապատասխան շինարարության իրականացումը։ Նա նաև բարձր է գնահատել Վրաստանի կառավարության ջանքերը նոր կամրջի կառուցման հարցում։

Վրացական կողմը նույնպես կարևորել է «Բարեկամություն» կամրջի կառուցման ծրագիրը՝ երկու երկրների միջև հարմարավետ‚ անվտանգ սահմանահատման տեսանկյունից։

Նիստի ընթացքում Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետի նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելլա Մուրադյանը ներկայացրել է ծրագրի մանրամասներն ու ներկա փուլը։ Ըստ այդմ՝ կառուցվելու է երկու առանձին կամուրջ՝ երկու ուղղություններով իրարից 1մ հեռավորությամբ: Կամուրջն ունենալու է 386 մ երկարություն‚ ճանապարհի լայնությունը՝ 8.35 մ։ Յուրաքանչյուր կամրջի թռիչքային կառուցվածքի ընդհանուր լայնությունը՝ 11.85 մ: Կամուրջն ունենալու է արտաքին լուսավորություն և ջրահեռացման համակարգ:

Կողմերը հաստատել են նախագծային փաստաթղթերը‚ շինարարության համար անհրաժեշտ անձնակազմի, ապրանքների և տրանսպորտային միջոցների ցանկը, որոնք շինարարական գոտի պետք է մուտք գործեն պարզեցված ընթացակարգով։ Նիստի ընթացքում քննարկվել է որոշակի ընթացակարգեր պարզեցնելու անհրաժեշտությունը՝ ծրագրի հաջող և ժամանակին իրականացումն ապահովելու համար։

Հիշեցնենք‚ որ Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբեդ գետի վրա‚ նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է‚ այն ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։ Կամրջի նախագծման և շինարարության համար պայմանագիր է կնքվել Ariana Tunnel Dam Co. (Իրան) ընկերության հետ։ Տեխնիկական հսկողությունն իրականացնում է Soosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd. (Կորեա) համատեղ գործող ընկերությունը։

Related posts

Մոսկվայի հասցեին Երևանի կողմից հնչեցված անհիմն մեղադրանքների նոր տարափին այդպես էլ չհետևեցին որևէ կառուցողական առաջարկ կամ պատասխանատու որոշում․ Զախարովա

Կանեմ առաջարկություն, որից ընդդիմությունը չի կարող հրաժարվել. Նիկոլ Փաշինյան

ԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունից