Ռուսաստանը միջուկային զորավարժություններ է անցկացրել

Ռուսաստանի ռազմավարական միջուկային ուժերը զորավարժություններ են անցկացրել, որի ժամանակ զանգվածային միջուկային հարված են մշակել՝ ի պատասխան թշնամու միջուկային հարվածի: Կրեմլից հայտնել են, որ զորավարժությունները ղեկավարել է անձամբ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Վարժանքի ընթացքում տեղի են ունեցել բալիստիկ և թևավոր հրթիռների գործնական արձակումներ: Պլեսեցկ փորձնական տիեզերակայանից Կամչատկայի «Կուր» զորավարժարանի վրա արձակվել է «Յարս» միջմայրցամաքային բալիստիկ հրթիռը։ Բարենցի ծովի ջրային տարածքից «Տուլա» ռազմավարական նշանակության ատոմային սուզանավային հածանավից արձակվել է «Սինևա» բալիստիկ հրթիռը, իսկ Ту-95МС հեռահար ավիացիոն ինքնաթիռներից արձակվել են թևավոր հրթիռներ։

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ զորավարժությունների ընթացքում զինվորականները մշակել են նաև «ռազմավարական հարձակողական ուժերի կողմից զանգվածային միջուկային հարված հասցնելը՝ ի պատասխան հակառակորդի միջուկային հարվածի»:

Հոկտեմբերի 18-ին ՌԴ Պետդուման օրինագիծ է ընդունել Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման մասին պայմանագրի վավերացումը հետ կանչելու վերաբերյալ: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ վավերացումը հետ կանչելու մասին օրենքի ընդունումը չի նշանակում, որ Ռուսաստանը կսկսի միջուկային փորձարկումներ իրականացնել:

Related posts

COP17-ի հյուրընկալումը Հայաստանի համար ինքնանպատակ չէ․ Արարատ Միրզոյան

Մենք այլևս սպասելու ժամանակ չունենք, պետք է խոսքերից անցնել գործի․ Նիկոլ Փաշինյանը՝ COP17-ի բացմանը

Ասել եմ՝ 2023 թվականին նա մեր ապագա օլիմպիական չեմպիոնն է. Հարությունյանը՝ Էմմա Պողոսյանի հաղթանակի մասին